Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական ընկերությունների բաժնետոմսերի անկումը պայմանավորված է կառավարության հակառակորդների կողմից վերահսկվող «նպատակաուղղված գործընթացով»։
«Ընթանում է նպատակաուղղված ապատեղեկատվություն՝ միտված ներդրողների տրամադրությունները փոխելուն։ Մենք կարող էինք տեսնել, որ միջազգային ԶԼՄ-ներում միանշանակ հայտարարություններ կային, որ վրացական տնտեսությունը փակուղի է մտնելու։ Նման հայտարարությունները, իհարկե, միշտ բացասական ազդեցություն են ունենում, և դա արտահայտվում է նաև բորսաներում գների վրա»,- պարզաբանել է նա։
Լևան Դավիթաշվիլին պատասխանել է նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքին սատարողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին՝ դրանք ցանկանում են կիրառել մի շարք ամերիկացի կոնգրեսականներ։ Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը առաջիկա տարիներին կշարունակի ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։
«Վստահ եմ, որ այս համագործակցությունն էլ ավելի արդյունավետ կլինի երկու երկրների համար և կծառայի երկու պետությունների շահերին։ Այս համագործակցությունը հիմնված է լինելու վստահության և հարգանքի վրա։ Ըստ այդմ, կարծում եմ, որ կոնկրետ նախաձեռնությունը, որը եկել է Կոնգրեսի որոշ անդամների կողմից, հավանաբար չի ընդունվի»,- նշել է նա։
Դավիթաշվիլին նշել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը «ռուսական» չի համարում, և որ այդ տերմինը կրկնել են բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ մոլորեցնելով հանրությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
«Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք, սպասենք: Կարելի է միանշանակ ասել, որ սա այն ձևը չէ, որով գործընկերները համագործակցում կամ փոխգործակցում են միմյանց հետ։ Այս դեպքում, կրկին օգտագործելով «ռուսական օրենք» տերմինը, կասեմ, որ դա սխալ է։ Սա կլիշե է և տեղական կամ միջազգային հանրությանը մոլորեցնելու միտումնավոր փորձ: Ցավոք սրտի, սկզբունքային տարբերությունները, որոնց մասին շատ մանրամասն խոսել է վարչապետը, չեն քննարկվել, և ես կարծում եմ, որ դա շատ պարզ է հանրության համար»,- ընդգծել է Վրաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ վրացական ընկերությունների բաժնետոմսերի արժեքը Լոնդոնի ֆոնդային բորսայում ընկել է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ ընդունելուց անմիջապես հետո։
Նախարարի խոսքով՝ սա «կարճաժամկետ վնաս էր» և չի անդրադառնա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա։