Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս մեկ անգամ ասել է, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը «չի համապատասխանում Եվրամիության արժեքներին»։
Ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Բորելն ասել է, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Վրաստանում ստեղծված իրավիճակը։
«Արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել «Թափանցիկության և արտաքին ազդեցության մասին ակտի» առնչությամբ: Վրաստանի կառավարությունը խոստացել էր չվերադարձնել այս օրինագիծը, սակայն այդ խոստումը չիրականացավ»,- ասել է Բորելը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք», կրկին խորհրդարան է ներկայացվել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել օրենքի ընդունումից։
Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։