Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաման է արձակել, ըստ որի՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստ նշանակել է դեկտեմբերի 11-ին: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ըստ նախագահի հրամանագրրի, առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին:

Երկրի օրենսդրական մարմնի առաջին նիստն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների հրապարակումից 10 օրվա ընթացքում: ԿԸՀ-ն հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել էր դեկտեմբերի 3-ին և խորհրդարանական մանդատները բաշխել քաղաքական 9 կուսակցությունների միջև:

ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 48,22%, 90 մանդատ,
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է»՝ 27,18%, 36 մանդատ,
«Եվրոպական Վրաստան»՝ 3,79%, 5 մանդատ,
«Գիորգի Վաշաձե-Շինարար ռազմավարության»՝ 3,15%, 4 մանդատ,
«Հայրենասերների դաշինք»՝ 3,14%, 4 մանդատ,
«Լելո»՝ 3,15%, 4 մանդատ,
«Գիրչի»՝ 2,89%, 4 մանդատ,
«Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 1%, 1 մանդատ,
«Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի»՝ 1,33%, 2 մանդատ:

Նշենք, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, իշխանություններին մեղադրելով մասսայական կեղծումների մեջ: «Վրացական երազանքի» հակառակորդները պահանջում են նոր ընտրություններ և հրաժարվում են խորհրդարան մտնել: