Ախալքալաքում կուսակցություններն արդեն պատրաստվում են նախընտրական գործընթացին, և ամեն մեկը դա անում է յուրովի: Ախալքալաքում նախընտրական պաստառներ են հայտնվել:
Մոտ մեկ շաբաթ առաջ Ախալքալաքում հայտնվել են փոքրիկ պաստառներ՝ «Վրացական երազանքի» թեկնածու Սամվել Մանուկյանի դիմանկարով: Օգոստոսի 26-ին, թեկնածուի դիմանկարով հսկայական քարոզչական պաստառ էր կախված նաև այն շենքի ճակատային մասում, որտեղ գտնվում է իշխող կուսակցության շտաբը: Սամվել Մանուկյանի դիմանկարով պաստառ է հայտնվել նաև գովազդային վահանակների վրա` Ախալքալաքի մուտքի մոտ, Ախալցիխեի կողմից և քաղաքի կենտրոնում: Ինչպես մեզ տեղեկացրին «Վրացական երազանքի» շտաբում, պաստառներ դեռ էլի կհայտնվեն:
«Մենք այս ամենն անում ենք օրենքի շրջանակներում: Այսինքն՝ «Tegeta Motors»-ը սեփական գովազդային վահանակն ունի, եթե նրանք այսօր մեզ հետ պայմանագիր կնքեն և համաձայնեն, որ մենք օգտագործենք գովազդային վահանակը, ապա մենք այնտեղ էլ կտեղադրենք պաստառ: Մինչ այժմ մենք նրանցից պատասխան չենք ստացել, ուստի մենք չենք կարող ասել կոնկրետ թիվ», – պատասխանեցին JNEWS-ին «Վրացական երազանքի» շտաբից:
Ընդդիմադիր թեկնածուները, որոնք արդեն հայտնի են Ախալքալաքում, դեռևս ոչ մի տեղ չեն փակցրել իրենց նախընտրական պաստառները:
«Դեռ ոչինչ չկա: Մենք այսօր կամ վաղը սպասում ենք տպարանից պաստռների: Այդ հարցը կլուծվի այս երկու օրերի ընթացքում», – ասում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Մելիք Ռայիսյանը:
Մյուս թեկնածուն չի հասցրել պայմանավորվել գովազդային վահանակների առումով, որոնք քաղաքում այդքան էլ շատ չեն:
«Ինչպես միշտ, մեզ չհասցրեցին գովազդային վահանակներ հատկացնել: Մեր կուսակցությունը դիմել էր, նրանց ասել էին, որ գովազդային վահանակներն արդեն զբաղված են, իհարկե, իշխանությունների կողմից, ես սա չեմ ասում որպես բողոք: Մենք դիմել էինք այն գովազդային վահանակների համար, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում և մուտքի մոտ: Գրասենյակում մյուս պաստառներն արդեն պատրաստ են: Մենք շուտով դրանք կփակցնենք նաև գյուղերում», – ասաց «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը:
Պաշտոնապես նախընտրական շրջանը կսկսվի սեպտեմբերի 1-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: