Վաղը՝ մայիսի 17-ին, Վրաստանում ոչ աշխատանքային օր է։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն որոշումն ստորագրել է երեկ՝ մայիսի 15-ին։
«Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվա կապակցությամբ 2024 թվականի մայիսի 17-ը ոչ աշխատանքային օր սահմանելու մասին»,- այսպես է վերնագրված փաստաթուղթը։
Վարչական մարմինն իրավունք կունենա բացառություններ թույլ տալ և որոշել այն ծառայությունների և աշխատողների ցանկը, որոնց նկատմամբ այդ որոշումը չի տարածվի։
Ուշագրավ է, որ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի (ԼԳԲՏՔ+) դեմ պայքարի միջազգային օրն է։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 2005 թվականին: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշական է։ 1990 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համասեռամոլությունը հանել է հիվանդությունների ցանկից։
ԼԳԲՏՔ+ համայնքի անդամներն ու նրանց համախոհները փորձում են այս օրը նշել Վրաստանում՝ արմատական խմբավորումների ընդդիմության ֆոնին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում ԼԳԲՏՔ+ ցուցարարների նկատմամբ բռնությունը որակեց «աննախադեպ» և Վրաստանին պարտավորեցրեց 193 հազար 500 եվրո վճարել, քանի որ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշված բռնությունը տեղի է ունեցել «կառավարության լուռ համաձայնությամբ»:
2014 թվականին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մայիսի 17-ը հայտարարել է ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր։