Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ երեկվա բողոքի ցույցի ժամանակ 39 մարդ է ձերբակալվել, նրանց մի մասը վարչական կալանքի է ենթարկվել՝ խուլիգանության և ոստիկանին չենթարկվելու համար:
Վրաստանում բողոքի առիթ է հանդիսացել «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախաձեռությունը, որոնց շուրջ քննարկումները խորհրդարանում արդեն մեկնարկել են։
Երեկ խորհրդարանը քննարկում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերը։ Քննարկումն ընթանում էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։
Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։