Ախալքալաքի մունիցիպալիտետում, վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, ճանապարհային ենթակառուցվածքը բարելավում է, քաղաքում և գյուղերում շատանում են ասֆալտապատ ճանապարհները, սակայն վարորդները դժգոհում են անորակ ասֆալտից, որն արագորեն քանդվում է։ Կան վայրեր, որոնք ամեն տարի վերանորոգվում են։ Jnews-ը որոշեց ճշտել, թե ինչպես է ստուգվում ասֆալտի որակը և ինչ մակարդակով։
Ախալքալաքում ասֆալտի որակից ամենաշատ դժգոհողները վարորդներն են։ Նրանք տեղական իշխանություններից պահանջում են վերահսկել մունիցիպալիտետի ասֆալտապատման որակը և վերահսկել մունիցիպալիտետում ասֆալտապատման մրցույթները շահած ընկերությունների աշխատանքը։
«Ասֆալտը 3 ամիս էլ չի դիմանում, փոսերի պատճառով ամեն շաբաթ մեքենան նորոգում եմ, մասեր եմ փոխում: Եվ ինչու են աշնանը սկսում ասֆալտապատումը, ձմռանից հետո նոր ասֆալտից բան չի մնում»,- ասում է տաքսու վարորդներից մեկը։
Ասֆալտի անորակ լինելուց դժգոհում են նաեւ հասարակ մարդիկ, ովքեր շարժվում են մեքենայով։
Jnews-ը զանգահարեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանին, պարզելու, թե արդյոք ՏԻՄ-ը ստուգում է ընկերությունների աշխատանքը և մունիցիպալիտետում կատարվող ասֆալտապատման որակը։
Արա Մովսիսյանն ասաց, որ ասֆալտի որակը լաբորատոր կերպով չեն կարող ստուգել: Նրանք պարզապես նայում են, և անորակ աշխատանք նկատելու դեպքում հայտնում են անկախ փորձագիտական «Քրիզոլիտ» ընկերությանը։
«Հիմնականում ստուգում է «Քրիզոլիտ»-ը, վերջում տալիս է փորձագիտական եզրակացություն։ Բայց մենք ոչ պաշտոնապես նայում ենք, և եթե ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, զգուշացնում ենք շինարարներին և «Քրիզոլիտ»-ին: Մազութի և ավազի հարաբերակցությունը և ջերմաստիճանը ստուգում է «Քրիզոլիտ»-ը: Բացի այդ, այլ կազմակերպություններ էլ են ստուգում ասֆալտի որակը, բայց մենք նրանց հետ կապ չունենք»,- ասաց Արա Մովսիսյանը։
Ասֆալտի որակը լաբորատորիայում ստուգվում է նաև Տեխնիկական հսկողության վարչության կողմից։ Տեխնիկական վերահսկողության վարչության շրջանային ներկայացուցիչ Գելա Կախիձեն ասում է, որ իրենց մոտ նմուշներ բերվում են։
«Բերում են անալիզի համար, ասֆալտը լաբորատոր կերպով ստուգում ենք։ Ես ուրիշ բան չեմ կարող անել, ես ստիպում եմ անել, եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ, ես կարող եմ ստիպել նրանց ավարտին հասցնել այն», – ասում է Գելա Կախիձեն:
Մենք կապվեցինք նաև «Քրիզոլիտ» անկախ փորձագիտական ընկերության աշխատակցի հետ, պարզելու, թե ինչպես է ստուգվում Ախալքալաքի մունիցիպալիտետում ասֆալտի որակը, և ինչու է մունիցիպալիտետում ասֆալտի ծածկը արագ քանդվում։ Այս կազմակերպության ներկայացուցիչ Թոռնիկե Ախվլեդիանին մեզ ասաց հետեւյալը։
«Ասֆալտի որակը ստուգվում է, կա հատուկ լաբորատորիա, որտեղ ստուգում են, ասֆալտը համապատասխանում է ստանդարտներին, թե ոչ, և մենք այս եզրակացությունների հիման վրա գնահատում ենք որակը։ Ես չգիտեմ, թե ինչ օբյեկտի մասին եք խոսում։ Կոնկրետ ասեք, թե որտեղ է անորակ ասֆալտ»,- ասաց Թոռնիկե Ախվլեդիանին։
Մենք երբ անվանեցինք կոնկրետ տեղը՝ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, նա ասաց հետեւյալը.
«Եթե լինեն ինչ որ պատճառներ, ապա այդ կապակցությամբ փորձաքննությունն իր պատասխանը կարող է տալ։ Բայց այսպես անհիմն ասել, որ սա այսպես է, կամ նա այնպես չէ, ես չեմ կարող պատասխանել: Ոչ ոք չի կարող պատասխանել, միայն դուք՝ լրագրողներդ, կարող եք նման հարց տալ։ Ասֆալտի ծածկույթն ամենուր շատ լավն է»,- ասաց Թոռնիկե Ախվլեդիանին։
Իսկ թե ինչու Ախալքալաքում ճանապարհների ասֆալտը չի դիմանում երկար, մենք այդպես էլ պատասխան չստացանք։