Վրաստանի հանրային պաշտպան Լեւան Իոսելիանին այսօր՝ օգոստոսի 24-ին, իր առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք։

Օմբուդսմենի Ախալքալաքի գրասենյակում Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեց Ախալքալաքի և Ախալցիխեի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում շոշափվեցին կրթության ոլորտում առկա խնդիրները, այլ երկրներից տնտեսական կախվածությունը, դպրոցներում անվտանգության առկայությունը և հագեցվածությունը։ Խոսվեց այն խնդիրների մասին, որոնցով մարդիկ դիմում են հասարակական կազմակերպություններին` տարեցներին քաղաքացիության վերադարձի, ընտանեկան բռնության։ Խոսվեց շրջանից արտագաղթի մասին, այն մասին, թե ինչպես են ապրում սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող մարդիկ։

Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին նաև իրենց ուսումնասիրությունները շրջանում կոռուպցիայի, մունիցիպալիտետների անհավասար ֆինանսավորման, «Օգնություն գյուղին» ծրագրի թերությունների, կանանց մասնակցության և ակտիվության վերաբերյալ, խոսեցին երկրում բոլոր ոլորտներում ապակենտրոնացման անհրաժեշտության և շատ ավելիի մասին։

Այնուհետեւ ՄԻՊ-ը հանդիպեց նաեւ տեղական իշխանությունների հետ։ Այսօր նման հանդիպում է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական իշխանությունների հետ ևս։ Շրջան կատարած այցի ծրագրում Վրաստանի հանրային պաշտպանը նշում է հանդիպում ՎՈւԵ-ի և ՀԱԵ-ի ներկայացուցիչների հետ։

Շրջան կատարած երկօրյա այցի ընթացքում Լեւան Իոսելիանին կայցելի նաեւ Ախալցիխեի մունիցիպալիտետի Վալե գյուղ։