Մայիսի 12-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Տեր Նշան վրդ․ Հմայակյանի կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագի ավարտին Սամցխե-Ջավաքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն իր ուղերձը հղեց ջավախահայությանը։
«Այսօր հոգևոր դասն ու կիրակնօրյա պատարագին ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մենք կատարեցինք հանրապետական պատգամ։ Այս կարգի ժամանակ մենք Աստծուց խնդրում ենք, որպեսզի Աստված օրհնի Հայաստանի հանրապետությունը։
Այսօր մենք՝ բոլորս շատ մտահոգիչ օրեր ենք ապրում, որոշակի շարժումներ են սկսվել մեր հայրենիքում։ Մենք երբեք դեմ չենք եղել, որպեսզի մեր հայրեինքը սահմանազատման գորընթացը իրականացնի, բայց մենք դեմ ենք նրան, որպեսզի սահմանազատման գործընթացը լինի ուժի, սպառնալիքի ներքո, դեմ ենք նրան, որպեսզի միակողմանի զիջումներ լինեն, պետք է լինի երկկողմանի զիջումների վրա, փոխադարձ վստահության վրա, և, նաև ոչ ի հաշիվ մեր ազգային հպարտության։
Մեր աղոթքն է, որպեսզի Աստված իմաստություն տա, շնորհ տա, բոլոր պատասխանատու մարդկանց, գուցե այդ իմաստուն և պատասխանատու մարդիկ կկարողանան այս սկսած ընթացքը ավարտին հասցնել»։
Հոգևոր առաջնորդը հորդորեց չտկարանալ ներկայիս կյանքի դժվարությունների առջև, այլ հակառակը զորեղ պահել հողի ու հայրենիքի հանդեպ սերը, որն անպարտելի ուժ է։
Ընդգծենք, որ ի տարբերություն մյուս կիրակիների այսօր Սուրբ Խաչ եկեղեցին մարդաշատ էր։