Այսօր, սեպտեմբերի 13-ին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ընկերակցում էին առաջնորդական տեղապահի խորհրդական Արմեն Գևորգյանը, Վրաստանի հայերի միության փոխնախագահ և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:
Հանդիպումը ծանոթության բնույթ է կրել: Թեմի առաջնորդական տեղապահն իր երախտագիտությունն է հայտնել Իլիա Երկրորդին ընդունելության համար, փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները և եղբայրական սերը, ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին:
Առաջնորդական տեղապահը կարևորելով հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծել է, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաջնորդարանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի համագործակցությունը եղել է և կշարունակվի համահունչ, երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:
Իլիա Երկրորդը առաջնորդական տեղապահին խնդրել է իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:
Վրաց Եկեղեցու հովվապետը կարևորելով Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը շնորհավորել է առաջնորդական տեղապահին հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում իրականացնելու համար, մաղթել է Աստվածահաճո և նվիրական ծառայություն և արտահայտել իր աջակցությունը երկու քրիստոնյա եկեղեցիների համագործակցությանը:
Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունն է փոխանցել հայ հավատացյալներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպումն անցել է ջերմ և քրիստոնեական սիրո մթնոլորտում:
Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: