Բրյուսելում բանավեճեր են տեղի ունեցել Վրաստանի վերաբերյալ, իսկ մոտ ապագայում սպասվում է ԵՄ հայտարարությունը՝ կապված վերջին իրադարձությունների հետ, X ցանցում գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Եվրահանձնաժողովի կողմից թարմացված գնահատականն այն մասին, թե ինչպես է օտարերկրյա գործակալների օրենքը առնչվում ԵՄ անդամակցության չափանիշներին, ևս կարող է հրապարակվել:

«26 անդամ երկրներ մտահոգություն են հայտնել, իսկ Հունգարիան չի մասնակցել։ Շուտով կարող է լինել ԵՄ հայտարարություն և, հնարավոր է, Եվրահանձնաժողովից թարմացումներ այն մասին, թե որքանով է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը համատեղելի ԵՄ անդամակցության չափանիշներին»:

Այս գարնանը Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում՝ պահանջելով հետ կանչել վիճահարույց նախաձեռնությունը։

Բողոքի ակցիաների մասնակիցները կարծում են, որ իշխանությունները արմատապես փոխում են երկրի արտաքին քաղաքականությունը և հրաժարվում եվրաինտեգրումից։ Բողոքի ակցիաներն անցկացվում են «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով, ակցիայի մասնակիցները խոսում են այն սպառնալիքների մասին, որ վրացական իշխանությունները գնում են ռուսական ճանապարհով, որպեսզի ճնշեն ցանկացած քննադատական կարծիք:

Վրաստանի իշխանությունները եվրոպական և ամերիկյան հիմնադրամներին մեղադրում են ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջոցով արմատականության և հեղափոխական տրամադրությունների ֆինանսավորման մեջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չնայած բողոքներին, օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունվի։

Իշխանություններն ասում են, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է օտարերկրյա դոնորներից դրամաշնորհներ ստացողների միջև ֆինանսական թափանցիկություն ապահովելու համար:

Վրաստանի արևմտյան գործընկերները հայտարարում են, որ ցնցված են, և որ օտարերկրյա գործակալների մասին օրենքն իր ներկայիս տեսքով անհամատեղելի է ԵՄ-ին հետագա ինտեգրմանը: