Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղակի երկկողմանի պատժամիջոցների սահմանումը պատիժ կլինի սեփական երկրի համար։
«Մենք պատժամիջոցներ չենք կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ, մենք չենք պատժի մեր երկրին և ժողովրդին, հետևաբար նման որոշումներ չենք կայացնի», – «Իմեդի»-ի եթերում ասել է «Վրացական երազանք»-ի նախագահը։
Անցյալ տարվանից Վրաստանը միացել է միջազգային պատժամիջոցներին՝ հրաժարվելով սեփական լրացուցիչ սահմանափակումները կիրառելուց։ Պատժամիջոցների թեման Վրաստանում կրկին սկսեց քննարկվել Ռուսաստանի Դաշնության որոշման ֆոնին, որի համաձայն վերացվում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և ավիաչվերթների սահմանափակումները։ Մինչ այդ Մոսկվան մի քանի անգամ հայտարարել էր, որ բարձր է գնահատում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը, որը զուսպ դիրքորոշմամբ է հանդես եկել պատժամիջոցների և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։
Կոբախիձեն աբսուրդ է անվանել ընդդիմության պնդումներն այն մասին, որ այս որոշումը «նվեր» է Ռուսաստանի կողմից ռուսամետ կառավարությանը։
«Մենք հաշվարկել ենք, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն ինչ կբերի վրացական տնտեսությանը։ Օրինակ՝ անցած տարի ունեցել ենք 10 տոկոսից ավելի երկնիշ տնտեսական աճ։
Իսկ եթե մենք մեր իսկ պատժամիջոցները սահմանեինք, ապա կունենայինք երկնիշ տնտեսական անկում՝ առնվազն 10-ից 18 տոկոս։ Ահա թե ինչ էր պահանջում արմատական ընդդիմությունը։ Նրանք ցանկանում էին կործանել երկիրը, բայց ձախողվեցին, քանի որ մենք հաստատակամ դիրքորոշում որդեգրեցինք»,- ասել է Կոբախիձեն: