Եվրահանձնաժողովը բացատրել է ընթացակարգը, որով Վրաստանին տեսականորեն կարող է զրկել ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով:
Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն, գրում է “Европейская правда”-ն։
Ստանոն բացատրել է, որ նման որոշման համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկ պետք է անի Եվրոպական հանձնաժողովը։
«Անդամակցության գործընթացի հետ կապված ցանկացած որոշում առաջնորդվում և ընդունվում է անդամ երկրների կողմից՝ համաձայն միաձայնության սկզբունքի։ Այսինքն՝ ԵՄ-ն, երբ խոսքը վերաբերում է առանձին թեկնածու երկրների անդամակցությանը, ապա այս գործընթացի յուրաքանչյուր հաջորդ քայլ որոշվում է միաձայն»,- ասել է ԵՄ խոսնակը։
«Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականների և անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա», – հավելել է Ստանոն:
Հետևաբար, եթե ԵՄ երկրներից մեկը դեմ է Վրաստանին պատժելուն, ապա երկիրը չի կարող զրկվել թեկնածուի կարգավիճակից։ Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը ԵՄ-ում Վրաստանի ներկայիս իշխանությունների ամենամոտ դաշնակիցն է։
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ Եվրահանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը։
Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման գործընթացում դուրս են եկել թույլատրելիի սահմաններից։
Վերջերս Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուփմանը նախազգուշացրել է Վրաստանի կառավարությանը, որ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն անընդունելի է և խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու երկրի հույսերի համար, սակայն իրավիճակը փոխելու համար դեռ ժամանակ կա։