Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարել է կենսապահովման նվազագույնի ռեկորդային գնաճի մասին:
Աշխատունակ տղամարդկանց կենսապահովման նվազագույնը հունիսին կազմել է 255,3 լարի, ինչը 40,8 լարիով կամ 19 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ էր։
Այս տարվա մայիսի համեմատ ցուցանիշն աճել է 10.2 լարիով։
Կենսապահովման նվազագույնի աճը կապված է բարձր գնաճի հետ, հունիսին գրանցվել է երկրում վերջին 10 տարվա ընթացքում գնաճի ամենաբարձր ցուցանիշը՝ 12,8%: Սննդամթերքի տարեկան թանկացումը, ըստ որի՝ հաշվարկվում է կենսապահովման նվազագույնը, կազմել է 22%։
Հունիսի դրությամբ «միջին սպառողի» կենսապահովման նվազագույնը կազմել է 226,1 լարի՝ 36,1 լարիով ավելի նախորդ տարվա համեմատ։
Վրաստանի բնակչության գրեթե կեսն ապրում է օրական 5,5 դոլարից պակաս գումարով։
Վրաստանում կենսապահովման նվազագույնը հաշվարկվում է 1997 թվականից:
Ըստ օրենքի՝ սա կողմնորոշիչ է, որն օգտագործվում է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների սահմանման համար։
«Սաքստատ»-ը հայտարարում է, որ քննարկումներ են անցկացվում կենսապահովման նվազագույնի ծախսերի հաշվարկները վերացնելու և ամբողջովին անցնելու ավելի ժամանակակից միջազգային անալոգների հնարավորության վերաբերյալ։ Օրինակ՝ սրանք բացարձակ և հարաբերական աղքատության մակարդակի ցուցանիշներն են։
Բայց առայժմ կենսապահովման նվազագույնի չափը հաշվարկվում է հատուկ պարենային զամբյուղի միջոցով, որը սահմանվել է առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 8-ի հրամանով։
Կենսապահովման նվազագույնը չի ներառում կոմունալ ծախսերը, տրանսպորտի ծախսերը և շատ այլ ծախսեր։ Ներկայիս համակարգը հիմնված է հիմնականում սննդամթերքի գների վրա:
Պարենային զամբյուղի հիմնական մասը կազմում են ածխաջրերը՝ 55-75%, ճարպերը կազմում են 15-30%, իսկ սպիտակուցները՝ 10-15%: Միջին վիճակագրական տղամարդու ամենօրյա սննդակարգի էներգետիկ արժեքը պետք է կազմի առնվազն 2,3 հազար կալորիա։