2022 թվականից մինչև այսօր Ախալքալաք-Կարծախ մայրուղին քանդված վիճակում է։ 2010 թվականից ի վեր, ինչ ասֆալտապատվել է ճանապարհը հիմնանորոգում չի տեսել, միայն փոսային աշխատանքներ են իրականացվել։ Հիմա ճանապարհին մեծ փոսեր են գոյացել և դժվարանցանելի են դարձրել ճանապարհը։ Սակայն ամենավատ վիճակում է գտնվում հենց Ախալքալաք-Կարծախ մայրուղու Կարծախ գյուղի սկզբնամասից մինչև վրաց-թուրքական անցակետ ճանապարհահատվածը։
Դեռ 2023 թվականի հունիս ամսին «Արալի» ընկերությունը սկսեց այս ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Ընկերությունը մասնակցել էր Ճանապարհային վարչության հայտարարած էլեկտրոնային մրցույթին և հաղթել։
Անմխիթար վիճակում է գտնվում նաև նախկին թիվ 1 զինվորական ավանին հարող ճանապարհահատվածը, որը մոտ է քաղաքի շրջանցիկ ճանապարհի ճամփաբաժանին, ամենուր բազմաթիվ ու խորը փոսեր են։
Ախալքալաք-Կարծախ մայրուղու վերանորոգման խնդրին բազում անգամներ ենք անդրադարձել։ Դիմել ենք ճանապարհային վարչությանը, այնտեղից մեզ ամեն անգամ պատասխանել են, որ մոտ օրերս ճանապարհը կվերանորոգվի։ Սակայն տարիների ընթացքում վերանորոգվել է միայն վրաց-թուրքական անցակետից մինչև Կարծախ գյուղի սկզբնամաս, և գյուղից դուրս մոտ 2-3 կիլոմետրանոց հատվածը։ Գյուղն անձրևների ժամանակ ընկղմվում է ցեխի մեջ, իսկ արևոտ եղանակներին՝ փոշու։
Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո, բեռնատարների հոսքն Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհով շեշտակի ավելացել է։ 2022 թվականի մայիսին, ինչպես նաև մայիսից հետո, եղել են օրեր, երբ հարյուրավոր բեռնատարներ, այս ճանապարհին, հերթ են կանգնել սահմանն անցնելու համար։ Այդ ընթացքում սկսվեց զարգանալ մասնավոր բիզնեսը։ Սուլդա գյուղի մոտ բացվեց այսպես կոչված «TIR park» (բեռնատարներ համար նախատեսված հատուկ ավտոկայանատեղի), որտեղ բեռնատարները գրանցվում են, սպասում են անցակետն անցնելու իրենց հերթին։ «TIR park»-երի քանակն սկսեց ավելանալ, և կառուցվեց ևս երկուսը, մեկը՝ Կարծախ գյուղի սկզբնամասում, մյուսը՝ անցակետին հարող տարածքում։ «TIR park»-երի բացվելուն զուգահեռ ճանապարհին այլևս բեռնատարների հերթ չի գոյանում։ Բեռնատարները կայանում են երեք «TIR park»-ում։ Ավելին՝ երկու «TIR park»-ն այսօրվա դրությամբ՝ ընդլայնում իրենց տարածքները։
«TIR park»-երի աշխատակիցները նշում են, որ պահանջ կա, ըստ այդմ՝ ավելացնում են տարածքները։ Նրանք նաև ասում են, որ դա լավ միջոց է բեռնատարների հերթ չգոյանալու համար։
Մինչև բեռնատարները հասնում են «TIR park», անցնում են քանդված ճանապարհներով, մեկը մյուսին զիջելով հազիվ անցնում են ջրափոսերը։ Այս պայմաններում Վրաստանում աճեց նաև տարանցիկ ճանապարհի վճարը: Եթե մինչև 2022 թվականի հունիսի 20-ը տարանցիկ բեռնատարների վարորդները, կամ փոխադրող ընկերությունները վճարում էին 200 լարի, դրանից հետո սկսեցին վճարել՝ 350 լարի։ Սակայն վճարի ավելանալուն զուգահեռ, ճանապարհների վիճակն ավելի է վատթարացել։
Ախալքալաք-Կարծաք մայրուղու ասֆալտապատման աշխատանքներն իրակացանում է «Արալի» ընկերությունը, ավելին՝ ընկերությունը երկու անգամ տուգանվել է աշխատանքները չկատարելու համար։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝