Արդեն մի քանի օր է ընթանում է Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Այն իրականացնում է երկու ընկերություն՝ «Ջավախավտոգզա» և «Արալի»։
Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության մայրուղին կառուցվել է 2010 թվականին, իսկ 2015 թվականին բացվել է «Կարծախի» անցակետը Թուրքիայի հետ սահմանին։ Այդ ժամանակից ի վեր այս ճանապարհով սկսել են երթևեկել հսկայական բեռնատարներ, տեղափոխելով մեծաքանակ բեռներ։ Բեռնատարների հոսքն անհամեմատ շատացավ անցած տարվանից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այս պահին Վաչիան գյուղի վերջնամասից սկսվում է բեռնատարների անվերջանալի շարասյունը մինչև Կարծախի կայանատեղի:
Այս ճանապարհն օր օրի քանդվում է, յուրաքանչյուր մետրի վրա կարելի փոսերի հանդիպել, որոնք դժվարանցանելի են դարձնում ճանապարհը: Անցած տարի վերանորոգվեց տվյալ ճանապարհի Վաչիան գյուղի հատվածը:
Հիմա Վաչիան գյուղի կողմից աշխտանաքներն սկսել են «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցները, իսկ անցակետի կողմից՝ «Արալի»:
Թե ինչու՞ են ճանապարհին աշխատում երկու ընկերություններ փորձեցինք պարզել ճանապարհների վարչությունից։
Ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամղրելիձեն ասաց, որ «Արալի» ընկերությունը մասնակցել էր վարչության կողմից հայտարաված Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ճանապարհների վերանորոգման և պարբերական աշխատանքների էլեկտրոնային մրցույթին, որում էլ հաղթել էր, այդ մրցույթը 24 ամսվա էլեկտրոնային մրցույթ է, և եթե առաջանում է պահանջ, որպեսզի արագ և շուտ ժամանակահատվածում վերանորոգվի ճանապարհը, ապա նրանք իրավունք ունեն օրենքի շրջանակներում «Արալի» ընկերությանը պարտադրել կատարելու աշխատանքները։
«Ճանապարհահատվածը բաժանել ենք երկու մասի, «Ջավախավտոգզան» անում է փոսային աշխատանքները, խնամքի և պահպանման աշխատանքները, իսկ «Արալին» պետք է կատարի վերջի 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները», – ասաց Պավլե Գամղրելիձեն։
«Մենք աշխատանքները սկսել ենք հունիսի 10-ից, 4-րդ կմ-ից (Գումբուրդոյի շրջադարձից), պետք է նորոգենք 22 կմ ճանապարհ՝ մինչև Կարծախ։ Աշխատանքների ավարտը չեմ կարող ասել, թե երբ է, քանի որ մեր գծագրած աշխատանքներն անելուց հետո, կրկին տեսնում ենք, որ նոր փոսեր են ի հայտ եկել։ Վաղը երեկոյան կամ մյուս օրն առավոտյան կսկսենք ասֆալտապատման աշխատանքները», – ասաց «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցը։
«Ջավախավտոգզա» ընկերությունը ճանապարհների փոսային աշխատանքների էլեկտրոնային մրցույթը հաղթել է 300 000 լարիով։
«Պետք է ասֆալտապատենք 10 կմ տարածք։ Ճանապարհի այդ հատվածը հիմնովին կքանդենք և նոր ասֆալտ կանենք: Ինչպես նաև՝ մի քանի օրից պետք է սկսենք «Գորոդոկ» կոչվող հատվածի ասֆալտապատման աշխատանքները», – ասաց «Արալի» ընկերության ներկայացուցիչ Գոդերձի Բոլքվաձեն: