Ախալքալաք-Կարծախ ճանապարհի, Դադեշ գյուղի խաչմերուկից մինչև Բոզալի հատվածը, կարծես փորված լինի, ասֆալտը տեղ-տեղ ճաքճքել է, տակից ավազը դուրս է եկել, որոշ տեղերում առաջացել են մեծ ավազակույտեր, որոնք խոչընդոտում և դժվարացնում են մեքենաներ տեղաշարժը:

Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղին ասֆալտապատվել է 2010 թվականին, իսկ 2015 թվականին բացվել է Կարծախի կողմից Թուրքիայի հետ սահմանը։ Այդ ժամանակից ի վեր այս ճանապարհով սկսել են շարժվել հսկայական բեռնատարներ, տեղափոխելով մեծաքանակ բեռներ։ Այս ճանապարհին պարբերաբար փոսային նորոգումներ են իրականացվել, սակայն այս ճանապարհը նման քանդված վիճակ երբևիցե չի ունեցել։

karcax doroga

Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո, բեռնատարների հոսքն այս ճանապարհով ավելացել է։ 2022 թվականի մայիսին, ինչպես նաև մայիսից հետո, եղել են օրեր, երբ հարյուրավոր բեռնատարներ, այս ճանապարհին, հերթ են կանգնել սահմանն անցնելու համար։ Ճանապարհը, ըստ երեւույթին, նախատեսված չի եղել նման ծանրաբեռնվածության համար, ուստի այն շատ տեղերում ճեղքվել է։

Ախալքալաք-Կարծախ ճանապարհը սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Jnews-ը կապ հաստատեց ընկերության ղեկավարի հետ պարզելու, թե ինչ է լինելու այս ճանապարհի հետ։

«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենն ասաց հետեւյալը.

«Մենք սպասարկում ենք մայրուղին, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ մենք ամեն ինչ անելու ենք: Պարբերաբար այնտեղ վերանորոգումներ են կատարվում, և որոշակի ճանապարհահատվածներ ամբողջությամբ նորոգվում են: Մենք միայն սպասարկում ենք մայրուղին և փոսային նորոգման աշխատանքներ ենք իրականացնում: Հիմնովի վերանորոգումը մեզ չի վերաբերվում: Գարնանը մենք կկազմենք ժամանակացույց, թե որ հատվածներն են վերաբերում մեզ և կկատարենք փոսային նորոգում», – ասաց «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն:

Արդյոք, այս տարի պետությունը հիմնովին կվերանորոգի այս ճանապարհի վնասված հատվածը, JNEWS-ը կփորձի ճշտել Ճանապարհային գործակալությունից։

dorogakarcax