Ախալքալաքցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը «Golden Note 2024» դասական երաժշտության միջազգային մրցույթի եզրափակիչում է։ Եթե ժյուրին նրան ընտրի լավագույն ստեղնաշարային գործիքների կատարողի կոչմանը հավակնող 3 եզրափակիչից, ապա նա կստանա «Golden Note 2024» մրցանակը, ինչպես նաև կարող է դառնալ լավագույնը հանդիսատեսի ընտրությամբ՝ առցանց քվեարկության արդյունքում, որում կարող է մասնակցել Ձեզանից յուրաքանչյուրը:
2024 թվականի ապրիլի 6-ին Վիեննայում տեղի ունեցավ «Golden Note 2024»-ի լսումները, որի ընթացքում բացահայտվեցին համանուն դասական երաժշտության մրցանակի ինը ֆինալիստները։ Քասթինգի հաղթող են դարձել 9-ից 18 տարեկան հինգ աղջիկ և չորս տղա։ Եզրափակիչ անցածների թվում է ախալքալաքցի երիտասարդ դաշնակահարուհի Անաhիտ Ստելմաշովը։
Արդեն ութերորդ տարին է, ինչ «Golden Note 2024» մրցանակը տրվում է դասական երաժշտության աչքի ընկնող երիտասարդ տաղանդներին: Քասթինգի ընթացքում ընտրվել են ինը ֆինալիստներ երեք անվանակարգերում՝ լարային գործիքներ, փողային գործիքներ և ստեղնաշարային գործիքներ: Եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, սակայն «Golden Note 2024»-ի եզրափակիչը կհեռարձակվի ORF 2-ով մայիսի 31-ին, ժամը 21:20-ին։
Երաժիշտները կպայքարեն իրենց անվանակարգում առաջին տեղի համար: Հաղթանակի մասին որոշումը կայացնում է աստղային ժյուրին, որի կազմում ընդգրկված են դասական երաժշտության ժանրի հայտնի աստղեր։ Այս տարի դարձյալ կլինի հանդիսատեսի համակրանք մրցանակը, որը նախապես կորոշվի առցանց քվեարկության միջոցով։ Հենց հանդիսատեսի համակրանք մրցանակի համար պետք է մուտք գործել tv.orf.at կայք և ընտրել մեկ ֆինալիստի յուրաքանչյուր անվանակարգում և քվեարկել: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել խոստումնալից երիտասարդ տաղանդներին, կարող են քվեարկել իրենց ֆավորիտի օգտին tv.orf.at կայքում մինչև մայիսի 14-ը, ժամը 23:59-ը: Մենք՝ ախալքալաքցիներս, կարող ենք աջակցել Անահիտին՝ 24 ժամը մեկ, քվեարկելով նրա օգտին։
«Ես շատ ուրախ էի մասնակցել «Golden Note» նախագծին, որը տեղի ունեցավ Վիեննայում: Սա շատ հետաքրքիր, հրաշալի նախագիծ է, երաժիշտների համար մրցույթ երեք անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, փողային: Դա իսկապես շատ լայնածավալ նախագիծ է, որը հեռարձակվում է ORF հեռուստաալիքով՝ սա Ավստրիայի գլխավոր հեռուստաալիքն է։ Քանի որ ես եզրափակիչի երեք մասնակիցներից մեկն եմ, քվեարկությունը սկսվել է, և ես շատ շնորհակալ կլինեմ, եթե քվեարկեն իմ օգտին։ Ես արդեն ORF հեռուստաալիքի մեդիակամպուսում էի։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր։ Կան շատ երիտասարդ, տաղանդավոր երեխաներ, որոնց ես հանդիպել եմ, ինչպես նաև շատ լավ կազմակերպիչներ, ովքեր ամեն ինչ անում են բարձր մակարդակով»,- ասաց Անահիտ Ստելմաշովը։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները կստանան ոչ միայն անհատական նվերներ, այլև միջազգային բեմերում հանդես գալու հնարավորություն։ Այս տարվա մրցանակները ներառում են ելույթներ ճանաչված նվագախմբերի հետ և մենահամերգներ՝ երաշխավորելով, որ աշխարհն ուշադրություն կդարձնի այս երիտասարդ տաղանդներին: