Ախալքալաքի Ապագայի տանն այսօր տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին։ Ներկայացված էին Ապագայի տան սաների աշխատանքները, որոնք արվել էին ուսուցիչների հետ միասին՝ ձեռագործության դասաժամերի ընթացքում։

Միջոցառմանը հրավիրված էին Ախալքալաքի բոլոր մունիցիպալ կառույցների, հոգեւորականության, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

IMG_7708

Ամանորյա զարդարանքներ, բացիկներ, ձեռագործ տիկնիկներ՝ Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարանքով, տոնածառի ճյուղեր ու մոմերի լույսեր՝ այս ամենն ու շատ ավելին այսօր զարդարում էին Ապագայի տանը գտնվող ցուցափեղկերը։ Այստեղ էին հավաքվել Ախալքալաքի բոլոր մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։

IMG_7713

«Այսօրվա միջոցառումը նվիրված է Ամանորին ու Սուրբ Ծննդին, սա ձեռագործության խմբակների աշխատանքների ցուցահանդեսն է: Ասեղնագործություն, տիկնիկագործություն, հմուտ ձեռքեր: Ընդհանուր առմամբ գործում է 4 խմբակ: Սրանք ուսուցիչների և սաների աշխատանքներն են, ինչ-որ տեղ համատեղ, ինչ-որ տեղ միայն սաներինը»,- մեկնաբանեց «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը։

IMG_7721

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց գալիք տոների առթիվ:

«Սա Ապագայի տանն իմ առաջին այցն է որպես քաղաքապետ, ես շատ տպավորված եմ՝ տեսնելով աշակերտների աշխատանքը։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, առողջություն, երջանկություն և հաջողություն մաղթել մեր երկրին, մեր ժողովրդին»։

IMG_7751

Նա նաեւ հավելեց, որ շատ տպավորված է աշակերտների աշխատանքներով եւ հույս ունի, որ «Ապագայի տուն»-ը հետագայում ևս կգրանցի նորանոր հաջողություններ։

«Ինձ շատ դուր եկավ, շատ տպավորված եմ, ինձ շատ հաճելի են նման միջոցառումները, և սա միայն ցուցահանդես չէ, սա շփում է գործընկերների, սաների, շրջապատած մարդկանց հետ, ինչը շատ կարևոր է մեր աշխատանքում»,- հավելեց նա։

IMG_7765

Ամալյա Բաբայան