Արդեն մեկ ամիս է Բարալեթ գյուղի մշակույթի տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող շենքում այլևս հնարավոր չէր պարապմունքներ անցկացնել:

Վերանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ, որը հաղթել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը, 66 388 լարի գումարով։

Բարալեթի Մշակույթի տան տնօրեն Էլմիրա Կույումչյանն ասում է, որ եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա ամիս ու կես հետո կունենան վերանորոգված դահլիճ։ Պատերն ամբողջությամբ քանդել են ու նորը շարել։ Ընդհանուր առմամբ կվերանորոգվի երկու սենյակ։ Շինարարական աշխատանքներում ներգրավված են նաև գյուղի բնակիչները։

«Աշխատանքները մայիսից են սկսել, նորմալ հունով ընթանում են: Պետք է վերանորոգվի մեկ մեծ դահլիճ, որպեսզի պարի պարապմունքները այդտեղ անցկացնենք, իսկ մյուս դահլիճը կվերանորոգվի, որպես սպորտային դահլիճ՝ երիտասարդների համար»:

norogum

Հանդիսությունների մեծ դահլիճում վերանորոգում նախատեսված չէ, այն ծրագրվում է մյուս տարի նորոգել։

Նշենք, որ շենքի դիմային հատվածի պատուհանները երեք տարի առաջ են փոխել, իսկ մնացածը՝ այս։

Ընդգծենք, որ 2021 թվականին Բարալեթ գյուղի գյուղական ակումբում տեղական բյուջեի միջոցներով 41 688 լարիի սահմաններում վերակառուցում է իրականացվել։

Բարալեթ գյուղի ակումբը կառուցվել է 1973թ.-ին և տարիների ընթացքում վերանորոգում մեկ անգամ է տեսել, այն էլ մասնակի: 2021 թվականին Մշակույթի տան վերակառուցման վրա ծախսվել է 41 688 լարի:

Գայանե Ակոջյան