Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը քայլ առ քայլ մոտենում է նրան, որ դառնա օրենք: Փոփոխությունները նախատեսում են ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտար ուժի շահերը հետապնդող կազմակերպություններ», եթե նրանք ստանում են ֆինանսավորման առնվազն 20%-ը արտերկրից։ Այս օրինագծի դեմ հազարավոր բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են ընթանում Թբիլիսիում և շրջաններում։ Ինչպես է այս օրինագիծն ազդում հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների վրա, ինչու են մարդիկ բողոքում այս օրենքի դեմ, չնայած ուժային կառույցների անհամաչափ հակազդմանը, ինչ օգուտ է ստանում բնակչությունը արտասահմանյան ֆինանսավորումից, այս և այլ հարցերի մասին JNEWS զրուցեց ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանող կոալիցիայի նախագահ Մամուկա Անդգուլաձեի հետ։
– Ինչ փոփոխություններ են սպասվում երկրում, երբ ընդունվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Անկախ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները տասնամյակներ շարունակ աշխատում և օգնում են տեղի բնակչությանը, պարբերաբար տեղեկացնելով տարբեր ոլորտների մասին։ Իշխանությունները անցյալ տարի որոշել էին ոչնչացնել նրանց, և դա անում են հիմա։ Լրատվամիջոցները գրում են քննադատական հոդվածներ, տեղեկացնում հասարակությանը և հասարակությանը փոխանցում կարևոր տեղեկատվություն: Օրենքն անհրաժեշտ է, որպեսզի բնակչությունը չբացահայտի ու չպահանջի կառավարությունից, որպեսզի իշխանությունը չդարձնի պատասխանատու ու հաշվետու բնակչության առաջ։ Նույնը վերաբերում է ՀԿ-ներին, նրանք ոչ միայն զեկույցներ են գրում ընտրությունների մասին, մարզերում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք օգնում են տեղի բնակչությանը, օգնում էթնիկ փոքրամասնություններին, օգնում մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն և այլն։
Վրաստանի անկախության օրվանից եվրոպական և արևմտյան երկրները մեր գործընկերներն են, որոնք օգնում են մեզ, օգնում են երկրին բարեփոխումներ իրականացնել և հանդիսանում են Վրաստանի անկախության հիմնական երաշխավորները։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը օկուպացրել է մեր տարածքի 20%-ը, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք դառնալ Եվրամիության անդամ, և այս պահին, ցավոք, նման բան է անում «Վրացական երազանքը»։ Այն պահին, երբ Եվրամիությունը և արևմտյան երկրները մեզ ուղղակիորեն ասում են, որ դա այն օրենքը չէ, որը մեզ մոտ է, մեր օրենքն այլ նպատակ է հետապնդում։ Եվ գումարած այս օրենքը միանշանակ խոչընդոտ է եվրաինտեգրման համար, և դա կրկնվում է բազմիցս։
– Ինչպես կարող է այս օրենքն ազդել Վրաստանի շարքային քաղաքացիների վրա։
Նրանք չեն կարողանա ինքնակազմակերպվել, չեն կարողանա օգնել միմյանց, չեն կարողանա ստանալ այն ծառայությունները, որոնք առաջարկում են ՀԿ-ները։ Երբ ինչ-որ խնդիր առաջանա, առաջին արձագանքն այն է լինում, որ ասում են․ “ես գնալու եմ անկախ լրատվամիջոցների մոտ ու ամեն ինչ պատմեմ։ Այս կերպ ես հանրային աջակցություն կստանամ, քանի որ պետությունն ինձ չի կարող դա տալ”։ Լրատվամիջոցների համար օրենքում հոդվածներն այնպիսին են, որ անհնար է աշխատել։ Եթե չկան անկախ ԶԼՄ-ներ և ՀԿ-ներ, իհարկե, դա չի կարող հանգեցնել մարդկանց կյանքի բարելավմանը, քանի որ պետությունը, իշխանությունը դեռևս իրեն հաշվետու չի համարում բնակչության առջև։
Բացի այդ, Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունն աջակցում է եվրաինտեգրմանը։ Սա թեմա է, որը վերանայման ենթակա չի։ Եվրաինտեգրման այս թեման միավորում է բոլորին։ Եվ մենք միանշանակ ասում ենք՝ այո՛ Եվրոպային, ո՛չ Ռուսաստանին։
– Տարբեր ոլորտների զարգացման համար դրամաշնորհներ է ստանում նաև կառավարությունը, ինչու դա չի համարվում արտաքին ազդեցություն։
Անկախության հարցում Վրաստանի բնակչությանն օգնում են եվրոպական երկրները, արևմտյան երկրները. Օրինակ, երբ անցած տարի երկիրը ստացավ թեկնածուի կարգավիճակ, հստակ ասվեց, որ մենք լսել ենք բնակչության կոչը, որ նրանք հստակ աջակցում են եվրոպական ուղին, և մենք, այսպես ասած, օգնելու ենք Վրաստանի բնակչությանը իրականացնել բարեփոխումներ։ Նրանք օգնում են տարբեր պետական կառույցներին, որպեսզի ի վերջո Վրաստանի բնակչությունը ստանա օգուտ, լավագույն օգնությունը, լավագույն սպասարկումը։