Արագացված վերանայումից հետո ապրիլի 19-ին խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Հարկային օրենսգրքում նախաձեռնված փոփոխություններին, որոնք ենթադրում են հարկերից ազատում՝ այսպես կոչված օֆշորային գոտիներում գրանցված բիզնեսը Վրաստան տեղափոխելու համար, սակայն, այս բավականին կարևոր իրադարձությունը մնաց առանց պատշաճ ուշադրության մեկ այլ՝ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» պատճառով։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների թեմայի շուրջ և ինչու են այդ փոփոխությունները կարևոր երկրի համար, Jnews-ը զրուցել է քաղաքագետ, Թբիլիսիի Լիբերալ ակադեմիայի տնօրեն Լաշա Տուղուշիի հետ։
Ինչու՞ Վրաստանի Հարկային օրենսգրքում նախաձեռնված փոփոխություններն այդքան արագ ընդունվեցին և ո՞րն է այդ փոփոխությունների էությունը։
– Փոփոխություններն ընդունվեցին, կարելի է ասել, արտակարգ ռեժիմով, այսինքն՝ շատ արագ, առանց մեծ քննարկումների։ Որքանով են նրանք հնարավորություններ տալու մեծ ռեսուրսներին վերադառնալու կամ Վրաստանի ֆինանսական համակարգ մուտք գործելու համար։ Բազմաթիվ հարցեր են մնացել՝ որտեղի՞ց են այս գումարները, ի՞նչ փողի մասին է խոսքը, քաղաքական է, թե՞ ոչ և այլն։ Հիմա մենք կարող ենք միայն կռահումներ անել այս մասին։ Այս հարցերը բավականին բարդ են, ունեն իրենց պատճառները, որոնք դեռ տեսանելի չեն, բայց սկզբունքորեն ավելի նեգատիվ են, քանի որ նախ, երբ օրենքն այդքան արագ ես ընդունում, միշտ հարցեր են առաջանում, թե ինչու են օրենքում այս փոփոխությունները նման տեմպերով ընդունվում, ինչու չկան քննարկումներ, բանավեճեր և չկան տեսակետներ ակադեմիական շրջանակներից, այդ թվում՝ գիտնականներից, փորձագետներից, ընդդիմությունից և այլն, որոնք կարող են քննադատաբար վերաբերվել նման բաներին։ Եվ երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչու հիմա, ինչ ռեսուրսներ ու փողեր են ուղղորդվելու դեպի մեր երկիր։ Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները դեռ չկան։
Պնդում կա, որ այս օրենքն ընդունվել է օֆշորային գոտիներից, այդ թվում՝ ռուսական ռեսուրսներից ֆինանսներն օրինականացնելու համար։
– Կրկին դժվար է ասել, եթե նման դեպքեր լինեն, դրանք կբացահայտվեն։ Քանի որ ռուսական խոշոր ռեսուրսները գտնվում են պատժամիջոցների տակ, և չնայած այն հանգամանքին, որ մենք չենք միացել անհատական պատժամիջոցներին ընդհանուր ձևաչափով, մենք հավատարիմ ենք այդ պատժամիջոցներին, և եթե դա այն մարդկանց կամ ընկերությունների փողերն են, որոնք գտնվում են ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների տակ, ապա դա կապված կլինի մեծ ռիսկերի հետ։ Սա կարող է վնասել մեր ֆինանսական համակարգին ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական առումով։ Այնպես որ, կարծում եմ, որ դա շատ ռիսկային կլինի։ Ուստի անհրաժեշտ էին բանավեճեր, որպեսզի այս հարցերին պատասխաններ տրվեն։ Իհարկե, եղել են որոշ պատասխաններ, բայց դրանք բավարար չեն։
Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունումը կապված է Վրաստանի Ազգային բանկի կողմից 7 տոննա ոսկու գնման հետ։ Ինչպե՞ս են այս երկու իրադարձությունները կապված իրար հետ:
Դժվար է այս երկու իրադարձությունները հիմա կապել միմյանց հետ։ Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Քանի որ ես այս մասին շատ տեղեկություններ չունեմ: Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և վերլուծություններ են անհրաժեշտ: Քանի որ տեղեկություն չկա, գուցե սա լուրջ փաստարկ է, միգուցե ակնարկ։ Այսօր դժվար է այս մասին դատողություն անել, գոնե ինձ համար։
Ի՞նչ պատժամիջոցներ կարող են հետևել այս օրենքի պատճառով:
– Եթե, իհարկե ապացուցվի, ապա այն բանկերը, որոնք կսպասարկեն՝ իմանալով, որ այդ գումարները, այսպես ասած, մակնշված են, կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Հետո, իհարկե, դա առաջին հերթին կհարվածի բանկային համակարգին, կհարվածի այն մարդկանց, ովքեր սեփականատեր են, և գուցե պատժամիջոցներ լինեն որոշ ֆորմալ-քաղաքական պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են եղել, նախաձեռնել կամ ստացել են ինչ-որ օգուտ, այդ թվում՝ ինչ-որ քաղաքական օգուտ: Սկզբունքորեն դա հնարավոր է, բայց հիմա ինձ համար դժվար է դատողություն անել։ Բայց նորից կրկնվեմ, կուզենայի, որ նման օրինագծերն այդքան արագ չանցնեն խորհրդարան, պետք է ավելի շատ քննարկումներ անցկացվեն՝ ելնելով այն բանից, թե աշխարհաքաղաքական առումով ինչքան բարդ իրավիճակ է և այլն։ Հիմա մենք պետք է շատ զգույշ լինենք։
Կարծիք կա, որ օրենքն ընդունվել է, որպեսզի Բիձինա Իվանիշվիլին օֆշորից իր ակտիվները փոխանցի Վրաստան։
Իսկ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է հնարավոր, որ պարոն Իվանիշվիլին փոխանցի այդ գումարը, թե դրանք նրա ռեսուրսներն են, իհարկե, դժվար է ասել։ Որքան գիտենք, նա ռեսուրսներ ունի օֆշորային գոտիներում, եթե չեմ սխալվում, նա նույնիսկ այդ մասին հայտարարագրել է։ Եվ հարկ է իմանալ, որ ոչ բոլոր ռեսուրսները, որոնք գտնվում եմ օֆշորային գոտիներում, «սև» փողեր են։ Կան բնական և օրինական ճանապարհով վաստակած գումարներ։ Որովհետև օֆշորային գոտիներն այն գոտիներն են, որտեղ կա հարկային օազիս, բայց այնտեղ բնականաբար նաև սեւ փողեր են հայտնաբերվում, քանի որ այնտեղ ավելի հեշտ է թաքցնել։ Կարծում եմ, մենք շատ շուտով կիմանանք: Որովհետև եթե ինչ-որ գումարփոխանցվի, մեր ֆինանսական համակարգն այնքան թափանցիկ է, որ մենք կիմանանք, թե դա ինչ գումար է և ումն է: Եթե դա շատ մեծ գումար լինի, ապա հնարավոր չէ թաքցնել, քանի որ միշտ կա հնարավորություն պարզելու, թե ում փողն է դա։ Եթե փոքր գումար է, չեմ կարծում, որ այդքան մեծ ռեսուրսներ ունեցող մարդիկ այդ կերպ գործեն։ Չեմ կարծում, որ մենք պետք է երկար սպասենք՝ ճիշտն իմանալու համար: