Վրաստանի խորհրդարանի դիմաց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ երկու մարդ է բերման ենթարկվել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մայիսի 1-ին Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ տուժած ութ քաղաքացիներ հոսպիտալացվել են։
Իրավապահները կոչ են արել ակտիվիստներին դուրս գալ Ռուսթավելի պողոտայի ճանապարհի երթևեկելի հատվածից և շարժվել դեպի խորհրդարանի դիմացի տարածք։ Ակտիվիստների մի մասը ենթարկվել է ոստիկանության կոչին, մյուսը՝ ոչ։
Պարեկային ոստիկանության վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն իրավապահներին կոչ է արել պարզապես քաղաքացիներին հեռացնել տարածքից, բայց արդյունքում՝ առնվազն 2 մարդ բերման է ենթարկվել։
Վաժա Սիրաձեի խոսքով՝ ձերբակալվածները հարբած են եղել և վիրավորել են իրավապահներին։
Մայիսի 1-ին ժամը 17:00-ից քաղաքացիները սկսել են հավաքվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» պատգամավորները օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեցին և լքեցին խորհրդարանի շենքը, հատուկ ջոկատայինները նույնպես լքեցին օրենսդիր մարմնի շրջակայքը և շարժվեցին դեպի մոտակա Վրաստանի պետական անվտանգության հատուկ ծառայության բակ։ Մոտավոր ժամը 22:11-ից ոստիկանական ուժերը խորհրդարանի և ՊՊԾ տարածքի բակից կիրառել են ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Ըստ ՆԳՆ-ի՝ կարգուկանոնը վերականգնելու համար կիրառվել են հատուկ միջոցներ։ Ինչպես պարզաբանել են վարչությունից, այն բանից հետո, երբ ՆԳՆ ստորաբաժանումները լքել են խորհրդարանի շրջակայքը, ցուցարարները դրսևորել են ագրեսիվություն և փորձել վնասել օրենսդիր մարմնի երկաթե դարպասները։