Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ցանքի սեզոնը։ Որոշ ֆերմերներ, նախորդ տարվա բերքի անհաջող իրացման պատճառով, այս տարի կրճատել են կարտոֆիլի դաշտերը։
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանն իր կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել է 1 հեկտարով։
«Ամեն տարի 5 հեկտար կարտոֆիլ եմ ցանել, այս տարի 4 հեկտար եմ ցանել: Միջին ու սերմացու կարտոֆիլը, ես չեմ կարողացել վաճառել: Վաճառում եմ 10-20 թեթրիով, չեն գնում։ 1 կգ կարտոֆիլն ինձ վրա 48 թեթրի է նստել։ Ընդհանրապես ամեն տեղ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ ցանել, քանի որ եկամուտը չի փակում ծախսերը։ Նոր կարտոֆիլի գինը նույնպես ցածր է: Որպեսզի դաշտերը դատարկ չմնան, հացահատիկ եմ ցանել»,- ասաց Ենոք Բաբաջանյանը։
Նրա խոսքով, Մուրջախեթում, շատերը, հիմնականում, կրճատել են իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները, ցանել են հացահատիկային մշակաբույսեր, իսկ նրանք, ովքեր հող են վարձակալել, այլեւս չեն վարձակալում։
Մուրջախեթ գյուղից Ռիտա Ինասարիձեն նրանցից մեկն է։
«Ամեն տարի շատ կարտոֆիլ էինք ցանում, այս տարի ընդամենը 5 հեկտար: Հողամասը վարձակալում էինք, սակայն այս տարի վերադարձրել ենք։ Խոշորները 60-70 թեթրիով ենք ծախել, մնացածը մնացել է»»,- ասաց Ռիտա Ինասարիձեն։
Դիլիսկա գյուղից Արշակ Գոգորյանի մոտ մնացել է 80 տոննա չվաճառված սերմացու կարտոֆիլ։
«Կարտոֆիլի սերմացու շատ ունեմ, բայց, այնուամենայնիվ, կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել եմ: Անցած տարի 24 հեկտար եմ ցանել, այս տարի՝ 14 հա»,- ասում է Արշակ Գոգորյանը։
Նրա խոսքով, Դիլիսկա գյուղում շատերը կրճատել են կարտոֆիլի իրենց ցանքատարածությունները.
Կոկիո գյուղում սունելին (կապույտ հացհամեմ) ընտրվել է կարտոֆիլի այլընտրանք։ Սուսաննա Ոսկանյանը կարտոֆիլի ցանքատարածությունների հաշվին ընդլայնել է սունելիի դաշտերը: Վերջին տարիներին նա միշտ էլ սունելի է ցանել, բայց այս տարի շատ ավելին է ցանելու։
«Ես ունեմ 3 տոննա խոշոր կարտոֆիլ, նույնքան էլ սերմացու, հոգնել ենք, այս տարի ընդամենը 60 հար ենք ցանել, իսկ 30 հարի վրա սունելի եմ ցանելու, սունելիի գինը 80 լարի է մեկ կգ-ի համար, չնայած այն հանգամանքին, որ սունելին մշակում են ձեռքով, աշխատատար է, բայց գինը լավ է»,- ասաց Սուսաննա Ոսկանյանը։
Օլավերդ գյուղից Հովիկ Գիլոյանն էլ է կրճատել իր կարտոֆիլի ցանքատարածությունները։
«Գյուղում կարտոֆիլի սերմացուն շատ է, 18-20 տոննա սերմացու ունեմ վաճառվելու։ Ես կրճատել եմ կարտոֆիլի դաշտերը։ Ինչու ցանել, աշխատել, իսկ հետո նետել աղբանոցը»,- ասում է Հովիկ Գիլոյանը։
2023 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ցանվել է 10 918 հեկտար կարտոֆիլ, ստացվել է 223 148 տոննա բերք: 2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, կարտոֆիլի ցանքատարածություններն աճել են։ 2022 թվականին ցանվել է 10 775 հա հողատարածքի վրա, ստացվել է 169 120 տոննա բերք: Տվյալներն այն մասին, թե ինչպես կփոխվի այս վիճակագրությունը 2024 թվականին, կհավաքվեն միայն տարեվերջին կամ 2025 թվականի սկզբին։