Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկի բերքահավաքը ողջ թափով ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետն այս տարի հացահատիկի լավ բերք ունի: Նախնական տվյալներով, միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 4 տոննայից մինչեւ 4,5 տոննա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում հացահատիկի բերքահավաքը նոր է սկսվել, որոշ գյուղերում այն ավարտվում է։

Մի շարք գյուղերում ամռան սկզբին ցրտահարություններ եղան, իսկ հետո ուժեղ կարկուտը փչացրեց հացահատիկի բերքը։ Այդ տարածքները վերականգնված չեն, հացահատիկը հնարավոր չէ հավաքել, այն օգտագործում են որպես անասնակեր։ Դե իսկ գյուղերում, որտեղ եղանակային պայմանները բարենպաստ էին, բերքը լավ է, ֆերմերները գոհ են։

Հիմա գյուղերում բոլորը դաշտերում են ու հավաքում են բերքը։ Մունիցիպալիտետում հացահատկեղենի բերքահավաքի հետ կապված իրավիճակը պարզելու համար Jnews-ը հեռախոսով կապ հաստատեց որոշ ֆերմերների հետ։

Դադեշ գյուղն այն գյուղերից է, որտեղ կարկուտը ամռան սկզբին բերքը վնասեց։

Ըստ քաղաքապետի ներկայացուցիչ Էդգար Թովմասյանի, գյուղում կա 1200 հա մշակվող հողատարածք, որից 200 հա-ն (կարտոֆիլ, հացահատկեղեն) վնասվել է կարկտահարությունից։

«Կարկուտը խփել է հատված առ հատված, որտեղ փչացել է, հավաքելն իմաստ չունի, այդ տարածքի հացահատիկն օգտագործում ենք որպես անասնակեր։ Ես 8 հեկտար հացահատիկ եմ ցանել, որից 3 հեկտարը կարկուտը փչացրել է։ Մնացած տարածքներում բերքը հրաշալի է։ Հիմա ես դաշտում եմ ու տեսնում եմ, որ ես բավականին լավ բերք ունեմ՝ հեկտարից երեւի 4-4,5 տոննա կստանամ»,- ասում է Էդգար Թովմասյանը։

Մունիցիպալիտետում այս տարի, ըստ ֆերմերների, կոմբայնների պակաս չի նկատվում, ավելի շուտ՝ հակառակը: Էդգար Թովմասյանն ասում է, որ իրենց գյուղում այս պահին աշխատում է 8 կոմբայն: Կոմբայնը հացահատկեղենը հավաքում է մեկ հեկտարը 300-320 լարիով։

Այս տարի վառելիքի թանկացման պատճառով տեխնիկայի ծառայությունները կրկնակի թանկացել են։ Անցյալ տարի հացահատիկի բերքահավաքն արժեր 180 լարի/ հա։ Վառելիքի թանկացումը դժգոհություն է առաջացրել գյուղացիների մոտ, թեև այս տարի թանկացել է նաև հացահատկի արժեքը` մեկ կիլոգրամի գինը 80 թեթրիից դառնալով 1 լարի։

Ցորենի պահանջարկն այս տարի մեծ է, գնորդները հիմնականում Վրաստանից են, իսկ գարին հիմնականում գյուղացիներն օգտագործում են որպես անասնակեր։

Չամդուրեցի ֆերմերը նույնպես դաշտում էր գտնվում, նա ավարտում է իր հացահատիկի բերքահավաքի գործընթացը։

«Որտեղ կարկուտը խփել է, այնտեղ ամեն ինչ փչացած է, իսկ մնացած ցանքատարածքներում ամեն ինչ կարգին է, 1 հեկտարից ստացել եմ 4,5-5 տոննա հացահատիկ։ Այսօր արդեն ավարտել եմ բերքահավաքը և ես գոհ եմ»,- ասաց ֆերմերը։

Վաչիան գյուղում ևս հացահատիկի բերքահավաքը բուռն ընթացքի մեջ է։ Այնտեղ տեղացած կարկուտն աննշան վնաս է հասցրել դաշտերին:

«Մեր գյուղում 80 տոկոսն արդեն հացահատիկը հավաքել է, հրաշալի բերք է, հավանաբար, 1 հա-ից բերքատվությունը 4 տոննա է»,- ասում է Վաչիան գյուղից Ֆեդյա Թորոսյանը։

Ալաստան գյուղում հացահատիկի բերքահավաքը թեժ ընթացքի մեջ է, գյուղացիները շատ գոհ են բերքից, չնայած այն հանգամանքին, որ գարնանը ցրտահարություններ էին եղել։

«Դա գարնանն էր տեղի ունեցել, ծիլերը դեռ փոքր էին, բայց հետո անձրեւները բերքը վերականգնեցին։ Գյուղի հացահատկային մշակաբույսերի 40%-ը դեռ հավաքման ենթակա է։ Կոմբայնների խնդիր չկա, գյուղում կա 6 կոմբայն, խնդիրներ չունենք, բայց վառելիքը թանկացել է, գյուղացիները դժգոհում են»,- ասում է Ալաստան գյուղի բնակիչ Նաիր Մելտոնյանը։

Օրջա գյուղից Անահիտ Ակոջյանը չի դժգոհում, սակայն գարու բերքից գոհ չէ, նա իր ստացածից ավելին էր սպասում, թեև անցյալ տարվա համեմատ, երբ ամեն ինչ փչացել էր, վատ չէ, բայց ցորենի բերքից գոհ է:

«Մեր գյուղում գարնանը ցրտահարություններ եղան, հետո էլ կարկուտը փչացրեց: Իմ գարին այս տարի լավը չէ, բայց ցորենի բերքը լավն է։ Ես 1,5 հեկտարից ստացել եմ 5,5 տոննա ցորեն, և սա ավելին է 4 հեկտար դաշտից ստացած գարուց։ Դեռ գնորդներ չկան, հացահատիկի մեկ կգ-ն ապարնքափոխանակման ժամանակ հաշվում ենք 1 լարի»,- ասում է Անահիտ Ակոջյանը։