Երկու օր է Ախալքալաք քաղաքի մուտքին ընթանում են փողոցային լուսավորության սյուների մոնտաժման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա կտեղադրվի 79 լուսավորության սյուն։
Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա արտաքին լուսավորության լուսատուները տեղադրելու համար հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, որը հաղթել է անհատ ձեռներեց Զեբուր Աբուլաձեն՝ 166 665.99 լարի արժողությամբ։
Աշխատանքները սկսվել են քաղաքի հյուսիսային մուտքի՝ «Ախալքալաք» գրությամբ ցուցատախտակի մոտից (Ախալցիխեից դեպի Ախալքալաք տանող ճանապարհին) և կհասնի մինչև Չունչխա գյուղի խաչմերուկ։
«Ինչպես տեսաք, աշխատանքները սկսել ենք, ուրեմն լուսատուները սկսել ենք տեղադրել Ախալքալաքի ցուցատախտակի մոտից և կվերջանա մինչև Չունչխայի խաչմերուկի մոտ, որի ներքևում կամուրջ կա, այդ կամրջից մի քիչ կանցնեք, այսինքն՝ Կարծախի ճանապարհի մոտ», – ասաց անհատ ձեռներեց Զեբուր Աբուլաձեն։
Աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես Զեբուրը նշեց՝ աշխատակիցները մի քանի օրով արձակուրդ կգնան զատկական տոների համար, որից հետո կշարունակեն աշխատանքները։ Աշխատողներից երկուսը տեղացիներ են, երկուսը՝ ոչ։
Հին լուսացույցները, որոնք փչացնում էին քաղաքի մուտքի ընդհանուր տեսքը, կապամոնտաժվեն։ Սակայն ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն այն դեպքում, երբ այդ սյուները ազատվեն էլեկտրական լարերից։
«Այդ սյուների վրա կան թե ինտերնետի, թե պարեկային ոստիկանության տեսախցիկների լարեր, երբ այդ լարերը տեղափոխեն նոր սյուների վրա, ես կսկսեմ ապամոնտաժման աշխատանքները», – ավելացրեց Զեբուր Աբուլաձեն։