Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցների նախարարության ներկայացուցիչները նախարար Մայա Ցքիտիշվիլիի գլխավորությամբ Բորջոմիում հանդիպեցին 5 շրջանների լրագրողների հետ։
Նախարարը լրագրողներին ծանոթացրեց ապակենտրոնացման և բարձրլեռնային շրջանների զարգացման մշակման առաջնահերթությունների 2019-2023 թվականների ռազմավարությանը, ինչպես նաև ներկայիս ենթակառուցվածքային ծրագրերին և հետագա նախագծերին։
“Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու և տեղացիներին ավելի շատ տեղեկատվություն տրամադրելու համար տեղական մեդիայի ակտիվությունը շատ կարևոր է։ Կարևոր է բնակչությանը ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն հասցնել ներկայիս իրավիճակի և գործընթացների մասին”, – ասաց Մայա Ցքիտիշվիլին։
Ապակենտրոնացման և բարձրլեռնային շրջանների զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է՝ բարձրլեռնային շրջանների զարգացումը, այդ շրջաններում բնակվող մարդկանց սոցիալական աջակցությունը և բնակչության համար ապահովել տարբեր ծառայությունների մատչելիությունը։
Նախագծի շրջանակներում Վրաստանի 1730 բնակավայր, 331 378 մարդ ստացել է բարձրլեռնային կարգավիճակ, որն էլ կազմում է Վարստանի բնակավայրերի 48%-ը իսկ, բնակչության 9%-ը։
“Նախարարությունը սկսել է պատրաստել ապակենտրոնացման համար միջնաժամկետ ռազմավարություն, գործընթացը ենթադրում է ավելի շատ պատասխանատվություն և լիազորություն թողնել ինքնակառավարման մարմիններին, լրացուցիչ ֆինանսներ և ռեսուրսներ կտրվի մունիցիպալիտետներին։ Նրանք կսահմանեն առաջնահերթությունները, խնդրի լրջությունը և արդիականությունը։ Սա ավելի շատ հնարավորություն և իրավասություն է տալիս ինքնակառավարման մարմիններին ակտիվ մասնակցել ապակենտրոնացման գործընթացում, ինչին էլ բոլոր կողմերը համաձայնեցին”, – հավելեց նախարարը։
Նախարարի տեղակալները լրագրողներին մանրամասն տեղեկություններ հատկացրին Ճանապարհային, զբոսաշրջության և սոցիալական ենթակառուցվածքների նախագծերի վերաբերյալ, քանի որ ապակենտրոնացման ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում այս երեք ուղղությանը։ Խոսեցին նաև մարզերում ջրամատակարարման խնդիրների և այս ուղղությամբ նախատեսված ծրագրերի մասին։
Առաջիկայում այսպիսի հանդիպումներ կրկին նախատեսվում են։
Գայանե Ակոջյան