Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները ջահերով երթը սկսել են քաղաքի բերդից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի՝ պահանջելով ճանաչել և դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը։

ert2

ert

Նման երթի անցկացումը ավանդույթ է դարձել Ջավախքի երիտասարդական միության անդամների համար։ Երթը սկսվեց Ախալքալաքի բերդից, հարյուրավոր մարդիկ՝ Հայաստանի և Վրաստանի դրոշներով, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջով պաստառներով, ջահերով և կարգախոսներով քաղաքի կենտրոնական փողոցով երթով շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի։

ert3

ert4

ert5

Երթին մասնակցում էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և մունիցիպալ այլ աշխատակիցներ։

Եկեղեցու բակում ելույթ ունեցան Երիտասարդական միության անդամները, ինչպես նաև Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում և աշխարհի շատ երկրներում բնակվող հայերը հայկական եկեղեցիներում կազմակերպում են ջահերով երթեր, ոգեկոչման միջոցառումներ, արարողություններ՝ հավերժացնելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որոնց հայերի հետ միասին մասնակցում են բազմաթիվ այլ ազգեր:

Մենք ողջունում ենք այն երկրներին, միջազգային հասարակական և քաղաքական կառույցներին, որոնք ճանաչել և դատապարտել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և միանում ենք մեր պայքարի ձայնին՝ հանուն արդարության, հանուն մարդասիրության, հանուն հետագա ցեղասպանությունների կանխարգելման և հուսալի ապագայի կառուցման»,- ասվում է Ջավախքի երիտասարդական միության անդամների կոչում։

Վաղը առավոտյան՝ ժամը 11:30-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Պատարագի ավարտին եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, կմատուցվի Սուրբ նահատակներին նվիրված Պատարագ։

ert7

ert8