Ախալքալաքում տեղադրվել է անսովոր դիզայնով նստարան: Նախաձեռնության հեղինակը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն է:
Արդեն մի քանի օր է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված նստարանն այցելուներին գրավում է իր յուրահատկությամբ: Անձրևանոց պահած երկաթե մարդը նստելու և լուսանկարվելու է հրավիրում բոլորին:
Նստարանի տեղադրման վայրն ընտրվել է Սուրբ Խաչ եկեղեցու բակը, որովհետև անընդհատ դիմումներ են եղել՝ այնտեղ նոր նստարան տեղադրելու:
«Երբ մարդկանց հետ խոսում էինք, նրանք ասում էին, եթե նման բան լինի շատ լավ կլինի, մարդիկ նկարվեն և այլն: Հետաքրքիր համընկնում էր, հենց նստարանը տեղադրեցինք, այդ օրը հարսանիք կար և մարդիկ հաճույքով նկարվում էին», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Այս նստարանի ստեղծման համար Սպասարկման կենտրոնը ծախսել է 300 լարի, որն անհրաժեշտ է եղել միայն շինանյութի ձեռքբերման համար:
«Նստարանը մեր զոդողն է սարքել, միտքը ես եմ ներկայացրել, նկարը տեսել եմ ուրիշ տեղ, սա կրկնօրինակ է»,- ասաց Կենտրոնի տնօրենը:
Վերջինս ցավով է նշում, որ հետաքրքիր նախաձեռնությունների համար Սպասարկման կենտրոնը միջոցներ չունի:
«Ուզում եմ քաղաքային այգում սիրո և համերաշխության նստարան տեղադրել: Շատ հետաքրքիր է, եթե մարդիկ նստեն, ապա կսղան և նստարանի մեջտեղում կհանդիպեն իրար: Ցավոք սրտի միջոցներ չունենք, եթե միջոցներ ունենանք էլի նպատակ ունենք նման հետաքրքիր նստարաններ սարքելու»,- ասում է Արմեն Բիչախչյանը:
Աղունիկ Այվազյան