2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր է դառնում զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը։ Այս տեղեկությունը ակտիվ քննարկվում է ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում։ Այս թեմային անդրադարձ է կատարել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել իր facebook-յան պաշտոնական էջում, որում մասնավորապես ասվում է՝
«Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պետական գերատեսչությունների հետ։ Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ Զբոսաշրջության մասին Վրաստանի օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է պարտադիր ապահովագրություն ունենան։
Հոդվածում նշված է․ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է պարտադիր բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրություն ունենան»։
Jnews-ը դիմեց Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, այնտեղից մեզ ասացին, որ այս հարցին կարող է պատասխանել Վրաստանի պարեկային ոստիկանությունը։
Կրկին անգամ կապ հաստատեցինք պարեկային ոստիկանության հետ: Այնտեղից մեզ ասացին, որ պարտադիր է ունենալ ճանապարհորդական ապահովագրություն այն անձանց համար, ովքեր երկիր մուտք են գործում զբոսաշրջիկության նպատակով, իսկ այն անձը ով ունի Վրաստանում մշտական կացության վկայական, ապանրա համար պարտադիր չէ ճանապարհորդական ապահովագրությունը։ Ապահովագրությունը պետք է այնքան օրով, քանի օր, որ զբոսաշրջիկը կմնա երկրում։ Եթե անձը աշխատում է Վրաստանում, կամ ունի սեփականություն դա նույնպես կապ չունի, անձը պետք է սահմանին ներկայացնի ապահովարգրությունը։ Ճանապարհորդական ապահովագրություն չունենալու դեպքում անձը չի տուգանվում, այլ ուղղակի երկիր մուտք գործել չեն թույլատրի։
Այս թեմայով կարդացեք նաև՝