Վրաստանի բոլոր պետական և մասնավոր դպրոցները ամբողջովին պատրաստ են հունվարի 17-ից ձմեռային արձակուրդներից հետո վերսկսել ուսումն առկա ռեժիմով ։ Այս մասին ասված է Վրաստանի կրթության նախարարության այսօր տարածված հայտարարության մեջ։
Ծնողները կրկին հնարավորություն կունենան ընտրել դասերի ձևաչափը և ցանկության դեպքում անցնել հեռավար ռեժիմի։ Նաև ռիսկային խմբերին պատկանող ուսուցիչները կարող են անցնել հեռավար աշխատառեժիմի:
Բացի այդ, նոր կիսամյակից կշարունակվի Առաջին ալիքի և Կրթության նախարարության առցանց հեռուստատեսային դասերի համատեղ նախագիծը՝ «Հեռուստադպրոցը»։
«Աշակերտների, ուսուցիչների և դպրոցների վարչակազմերի անվտանգությունն ապահովելու համար դպրոցներում խստորեն կհետևեն Առողջապահության նախարարության կողմից մշակված առաջարկություններին»,- ասվում է հաղորդագրությունում։
1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները դեռևս պարտավոր են դիմակ կրել։ Պետությունը կշարունակի ուսուցիչների պարբերական թեստավորումը կորոնավիրուսի համար: Հայտնի է, որ ուսուցիչների և դպրոցների տնօրինության աշխատակիցների 73%-ն արդեն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը։ Բոլոր դպրոցներն ապահովված են ախտահանիչ լուծույթներով, թերմոսքրինինգի համար սարքերով, ախտահանիչ պատնեշներով։
Վրաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդները սկսվել են դեկտեմբերի 30-ից։ Ամանորյա տոներին հանրապետությունում սկսվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Համաճարակաբանները դա կապում են «omicron» նոր շտամի տարածման հետ։