2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր է դառնում զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը։
Զբոսաշրջության մասին Վրաստանի օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է պարտադիր ապահովագրություն ունենան։
Հոդվածում նշված է․ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է պարտադիր բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրություն ունենան»։
Jnews-ը կապ է հաստատել պարեկային ոստիկանության հետ, այնտեղից մեզ հաստատեցին, որ հունիսի 1-ից պարտադիր կդառնա բժշկական ապահովագրությունը բոլոր այն անձանց համար, ովքեր զբոսաշրջության նպատակով մուտք կգործեն Վրաստան։
Մինչ այդ տեղեկությունն ակտիվ տարածվում էր Հայաստանում, Tert.am-ը ապահովագրական ընկերություններից փորձել էր ճշտել, թե ինչ կարժենա դեպի Վրաստան ճանապարհորդական ապահովագրությունը:
Ըստ ապահովագրական 5 խոշոր ընկերությունների՝ 10 օրվա համար ճանապարհորդական ապահովագրության գները տատանվում են 3,700-ից մինչև 4,500 դրամի սահմաններում:
Գները կախված են նաև տարիքից․ երեխաների համար սակագինն ավելի էժան է:
Այն անձը, որը չի ունենա ապահովագրություն, կտուգանվի 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ):
Jnews-ը պարտադիր բժշկական ապահովագրության մասին հավելյալ տեղեկություններ կներկայացնի հաջորդ հրապարակումներում։