Չնայած Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի լուրջ աճին, մինչ այժմ իրավիճակը կառավարվել է: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Գախարիան բնակչությանը կոչ է արել հետևել մասնագետների խորհուրդներին և անվտանգության միջոցներին:
«Որքան էլ դժվար լինի դա հասկանալը, անկախ նրանից թե ինչպես կփոխվի մեր առօրյա կյանքը, ինչ էլ որ բժիշկները խորհուրդ չտան, պետք է մի փոքր էլ համբերել և դիմակ կրել զուտ նրա համար, որպեսզի միմյանց պաշտպանենք, մեր ու ձեր մասին հոգ տանելու համար: Չնայած այն հանգամանքին, որ երկրում վարակակիրների թիվն աճում է, մինչ այժմ մենք կառավարում ենք այս գործընթացը:
Գլխավորն այն է, որ հիմնական կանոնները պահպանվեն, հատկապես տարեցների կողմից: Սա մեծ պատասխանատվություն է: Մենք պարզապես պետք է հոգ տանենք այս մարդկանց մասին: Մենք պետք է հասկանանք, որ որքան շատ ենք պահում հեռավորությունը, հետևում կանոններին, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը և կվերականգնենք մեր տնտեսությունը», – հայտարարել է նա:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 554 դեպք: 252 հիվանդ բուժվել է, երկուսը՝ մահացել:
Փետրվարի 26-ից՝ Վրաստանում առաջին դեպքի բացահայտումից մինչ օրս վարակը հաստատվել է 8 118 մարդու մոտ: Բուժվել է 4244 հիվանդ, 50-ը մահացել են: