Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն երկրորդ անգամ փորձում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունել, սակայն այս անգամ նրանք օգտագործում են բնակչության շրջանում քարոզչություն և վարչական ռեսուրսներ՝ այլախոհ հասարակության դեմ։ Սամցխե-Ջավախքում, որտեղ բնակչության մեծամասնությունը հստակ չի հասկանում բազմահազարանոց բողոքի ակցիաների էությունը, փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, իբր բողոքի ակցիաները կազմակերպում է ԼԳԲՏ համայնքը, և դա մատուցվում է սարկազմով։
Առաջին ձախողումից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի մանրակրկիտ մոտեցում ցուցաբերեց «քաղաքացիական հասարակության» դեմ օրինագծի առաջխաղացման հարցում, որը հանրությունում անվանում են «ռուսական օրենք»: Նախ՝ քարոզվում էր, որ այս օրինագիծը «ոչ մի կերպ ռուսական չէ, այլ ամերիկյան և եվրոպական»։ Ամենուրեք պաշտոնյաները փորձում են համոզել բնակչությանը, որ այս նախագիծը իբր երկիր մտնող ֆինանսների թափանցիկության համար է, բայց չգիտես ինչու այդ թափանցիկությունը վերաբերում է միայն հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Այս օրենքի նախագծի ընդդիմախոսները կարծում են, որ տվյալ օրինագիծը հղի է ապագա խնդիրներով յուրաքանչյուրի համար, ով ինչ-որ չափով ֆինանսավորվում է դրսից՝ զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի հետ, որտեղ օրենքը դարձավ հզոր գործիք իշխանության ձեռքում, որը ճնշեց և ոչնչացրեց բոլոր կազմակերպություններին, որոնք կարող էին խոսել այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են կոռուպցիան, լիազորությունների չարաշահումը, պետական միջոցների հափշտակությունը, ահաբեկումը, խոշտանգումները և այլն։ Այդ պատճառով է, որ այս օրինագծի վրացական տարբերակը մեծ թվով ցուցարարների կողմից անվանում են «ռուսական օրենք»։
Այնուամենայնիվ, վերադառնանք Սամցխե-Ջավախքում այս «խտրական օրենքի» ընդունման տարածման և քարոզչության առանձնահատկություններին։ Սամցխե-Ջավախքում գիտակցաբար, թե անգիտակցաբար, ծրագրված կամ ինքնաբուխ տեղական իշխանությունների ներկայացուցիչները հռետորաբանություն են վարում, թե ակցիաներն էական չեն, ակցիաներին մասնակցում են հիմնականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, նրանք են կազմակերպում այս ակցիաները, և դա ներկայացվում է քամահրանքով։
Ապրիլի 17-ին իր ֆեյսբուքյան էջում Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը հրապարակել էր պաստառ, որում կոչ էր անում ԼԳԲՏ համայնքի բոլոր ակտիվիստներին բողոքի ցույցի դուրս գալ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, կոչը կցված էր գույնզգույն հագուստով կանանց և տղամարդկանց լուսանկարներին: Այս գրառումը տարածել են 14 հոգի, պետական ծառայողներ և քաղաքապետարանի աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրողի ծնողները, հասարակական կազմակերպության նախկին ներկայացուցիչը և այլք։ Գրառման տակ մի քանի մեկնաբանություններից հետո Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ջնջել է գրառումը։
Անիվարդ Մոսոյանը հեռացրել է գրառումը, սակայն Ախալցիխեի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Սաբա Կբիլաշվիլիի և այլոց էջերում դեռևս հրապարակված է նույն պաստառը։ Ավելին, իշխանությունների և նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ տարածում են նյութեր, որոնցում տարբերվող արտաքինով որոշ ցուցարարներ հայհոյում են, ծխում…
Այս հռետորաբանության մեկնարկի պատճառ է դարձել ապրիլի 15-ին Ախալցիխեում տեղի ունեցած ակցիան։ Այդ օրը ոմն Բեքա Մեսխին ֆեյսբուքում միջոցառում է ստեղծել, որտեղ մարդկանց հրավիրել է Ախալցիխեում բողոքի ակցիայի։ Ճիշտ է, այս երիտասարդին Ախալցիխեում չէին ճանաչում որպես ակտիվիստի, սակայն այս միջոցառմանն արձագանքել էին Ախալցիխեի մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ակցիայից հետո սոցցանցերում տեղեկություն հայտնվեց, որ այս երիտասարդը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ Այս հանրահավաքը սարկազմով և քամահրանքով ներկայացրել էր «Քաղաքական երգիծանք» կոչվող ֆեյսբուքյան էջը՝ կարծես ծաղրելով այն փաստը, որ մարդիկ հավաքվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի կողմից ծրագրված ակցիային։
Այս տեղեկությունը, վիրավորական գրառումներն ու մեկնաբանությունները հայտնվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և իշխանության այլ պաշտոնյաների սոցիալական էջերում, որոնք թվարկում էին ցուցարարների անունները՝ յուրաքանչյուրին կապելով ընդդիմության կամ ինչ-որ կազմակերպության, կամ՝ որևէ գործունեության հետ: Ավելին, ակցիայի թվարկված մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր փաստացի չեն եղել ակցիային։ Օրինակ՝ TI-ի մարզային ներկայացուցիչ Թամունա Ուչիձեն, ով չի եղել ակցիային, կամ «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը։
«Ես ներկա չեմ եղել հանրահավաքին, թեև եթե ներկա լինեի, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, սակայն դա նախապես ծրագրված սադրանք էր՝ նպատակ ունենալով վարկաբեկել հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին՝ հաշվի առնելով, թե ինչպես են մարզի բնակիչները վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- ասաց Մախարե Մացուկատովը:
Մեդիափորձագետ Զվիադ Քորիձեի կարծիքով՝ նման հռետորաբանություն չի տարվում ամբողջ երկրով, այլ ամենայն հավանականությամբ՝ միայն մեր շրջանում։
«Այս օրինագծի հեղինակները հաճախ են խոսում, որ այո, սա օրենք է ԼԳԲՏ քարոզչություն անողների, եկեղեցու դեմ և այլն, բայց այս ամենը անհեթեթություն է, քանի որ այս օրինագիծը ոչ մի կապ չունի ԼԳԲՏ կամ կրոնական թեմաների հետ, ո՛չ էլ՝ ազգային կամ որևէ այլ թեմայի հետ: Սա դիտարկվում է որպես ռուսական օրինագիծ, որովհետև սա վրացական հասարակությունը ռուսական հասարակությանը նմանվելու հեռանկար է իրենից ներկայացնում, որտեղ չկա բազմակարծություն, չկա մտքի և արտահայտման ազատություն, և սա խնդիր է»,- ասում է Զվիադ Քորիձեն։
Ըստ փորձագետի՝ իրավիճակը ԼԳԲՏ համայնքի լույսի ներքո ներկայացնելը շատ դավադիր մոտեցում է.
«Այս հանրահավաքներին, հավանաբար, կան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես և նրանք, հավանաբար, կան նաև իշխանական շարքերում: Մենք հո չենք բաժանում հասարակությունը սեռական հատկանիշներով, կան տարբեր մարդիկ, մարդիկ ամենուրեք են՝ այս կամ այն սեռային բնորոշիչներով: Ուրեմն սա շատ վտանգավոր մոտեցում է, սա շատ դավադիր մոտեցում է իշխանության կողմից, ով ցանկանում է տվյալ օրենքի դեմ այս համազգային շարժմանը տալ ԼԳԲՏ երանգներ։ Դրա համար էլ սա են ուզում, գոնե այս փուլում ունեն նման թայմ-լայն, օրակարգ՝ օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու, օրինականացնեն հենց մայիսի 17-ին, սրա հիման վրա էլի ուզում են 2013-ի մայիսի 17-ից հետո 11 տարի անց կրկին մարդկանց այս հատկանիշով համեմատել միմյանց հետ։ Սա շատ վտանգավոր մոտեցում է, իշխանությունը խաղում է հասարակության նյարդերի վրա, իշխանությունը խաղում է մեր հասարակության դեմոկրատական մոտեցումների հետ։ Մեր հասարակությունը չի ցանկանում, որ Վրաստանը դառնա ավտորիտար երկիր, որտեղ չկա հավասարություն, որտեղ կա միայն իշխանության կամք, և որտեղ մարդը, որպես պետության հիմնաքարը, էական նշանակություն չունի»,- ասում է Զվիադ Քորիձեն։