Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին տեղի է ունեցել Սակրեբուլոյի հանձնաժողովների համատեղ նիստ, որին առաջին անգամ քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի նախագիծը։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ բոլոր հանձնաժողովների առաջին նիստը, օրակարգում ընդգրկված էր Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։
«2023 թվականի համեմատ այս տարի հաստատում ենք 11 միլիոնով ավելի բյուջե, որովհետև անցյալ տարի, երբ հաստատեցինք բյուջեն, ունեինք 18 միլիոն 684 հազար 400 լարի, իսկ այժմ՝ 2025 թվականին, ըստ նախագծի, նախնական բյուջեն 29.286.000 լարիի չափով է: 2025թ.-ի ընթացքում այս գումարը բնականաբար կփոխվի, կաճի։ Այսօրվա դրությամբ Ֆինանսների նախարարության կողմից ըստ ավելացված արժեքի գումարը ներկայացված է 15 միլիոնի չափով»,- բյուջեն ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Կարեն Մերգելյանը։
Ինչպես ներկայացրել է Կարեն Մերգելյանը, բյուջեից մեծ գումար՝ 13 330 185 լարիի չափով, կհատկացվի ենթակառուցվածքային աշխատանքների համար, սակայն դա վերջնական գումարը չէ, քանի որ կարող են լինել ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են Մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում։ 1 502 600 լարի հատկացվել է բուն Սակրեբուլոյի ծախսերի համար, իսկ 4 488 870 լարի՝ քաղաքապետարանի ծախսերի համար։ Նախագծով պահուստային ֆոնդի համար հատկացվել է 300 հազար լարի։ Մշակույթի և սպորտի ծախսերի համար՝ 414 480 լարի։ Տեղեկությամբ ապահովելու համար՝ 62 750 լարի: Սոցիալական ծառայության ծրագրերի համար՝ 1 625 000 լարի և այլն։
«Բաց սահմաններ» ՀԿ-ի քննարկումների ընթացքում ճշտվեցին վերջին երկու տարիների ընթացքում ներկայացված խնդրագրերի արդյունքները, այդ թվում՝ մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի վերաբերյալ խնդրագիրը և մունիցիպալիտետի ուսանողների կողմից ներկայացված խնդրագիրը՝ մունիցիպալիտետի բյուջեից կրթաթոշակի վերաբերյալ։ Jnews-ն ավելի մանրամասն կներկայացնի, թե որ ծրագրերն են իրականացվելու, նաև բյուջեի կետերի մասին հաջորդ նյութերում։
Պատգամավորների հավանությամբ բյուջեի նախագիծն ուղարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստին՝ առանց որևէ փոփոխությունների և նկատառումների։