Հանգստյան օրերին Ախալքալաքում տեղացած համեմատաբար առատ ձյունը դժվարացրել է մեքենաների և հետիոտների տեղաշարժը։ Փողոցները, որոնք պետք է մաքրվեին ձյունից, չնայած դրա անհրաժեշտությանը, չեն մաքրվել։ Ինչպես պարզվեց, այս փողոցներն «անհնար է մաքրել, գրեյդերը չի կարող աշխատել»։

Պայմանագրի համաձայն, «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը պետք է մաքրի ձյունը և ռեագենտ ցանի Ախալքալաքի 14 փողոցում, ինչպես նաև գյուղական ճանապարհներին։ Սակայն, Ախալքալաքում այս փողոցները ձյունից չեն մաքրվել, ռեագենտ են լցրել կենտրոնական փողոցում և որոշ այլ վայրերում, սակայն, ընդհանուր առմամբ, Ախալքալաքի ձյունածածկ փողոցները վարորդների դժգոհության պատճառ են դարձել։

Պարզվեց որ, ինչպես գյուղական ճանապարհների դեպքում է լինում, Ախալքալաքի այս 14 փողոցը լռելյայն ձյունից չեն մաքրվում։ Անհրաժեշտության դեպքում, փողոցների մաքրման անհրաժեշտության մասին պետք է ընկերությանը տեղեկացնեն քաղաքապետարանից։ Ընկերությունից հայտնեցին, որ մինչև քաղաքապետարանից հրահանգ չստանան, փողոցների մաքրման աշխատանքները չեն կարող սկսել։

«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ոչինչ չեն ասել փողոցները մաքրելու վերաբերյալ։

«Առանց թույլտվության չենք կարող մաքրել, քաղաքապետարանը պետք է մեզ ասի՝ որ փողոցները մաքրենք, որոնք ռեագենտով լցնենք, իսկ կենտրոնական մայրուղին մաքրում ենք առանց իրենց ասելու (խմբ. Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհը սպասարկում է նույն ընկերությունը, բայց այլ պայմանագրով»,- ասաց «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։

Ախալքալաքի քաղաքապետարանից իրազեկեցին, որ քաղաքի փողոցները մաքրելու հրահանգ տրվել է, սակայն աշխատանքները ընկերության կողմից չեն իրականացվել։ Քաղաքապետարանի վերահսկողության բաժնի պետ Արմեն Մղդեսյանն ասաց հետևյալը.

«Նրանք պատասխանեցին, որ փողոցներում մեքենաները շատ են, հնարավոր չէ նրանք մաքրել, գրեյդերը չի կարող մտնել փողոց: Ասեցի, որ մաքրեն վաղ առավոտյան, ժամը 5-6-ին: Պատասխանեցին, որ այդ ժամին դա անհնար է, փողոցները սառցած են, գրեյդերը չի կարող մաքրել մինչդեռ սառնամանիքը չմեղմանա և ձյունը չդառնա փափուկ։ Հարցն այն է, որ ամենուր մեքենաներ կան: Եթե գրեյդերը մտնի փողոց կամ պիտի ջարդի մեքենաները, կամ չկարողանա մաքրել»:

Նրա խոսքով, վթարներից խուսափելու համար ռեագենտը լցնում են կենտրոնական փողոցներում։

Արմեն Մղդեսյանի հետ զրույցից հետո Jnews-ը կրկին կապ հաստատեց ընկերության տնօրենի հետ։ Նոդար Ինասարիձեն խոստացավ ուսումնասիրել իրավիճակը և հավելեց, որ հնարավոր է, որ փողոցները մաքրելն իսկապես անհնար է։

«Նման բան կարող է, որ մեքենաների պատճառով գրեյդերը չկարողանա մաքրել, ես կպարզեմ»,- ասաց նա։

Փողոցները, որոնք, ըստ պայմանավորվածության «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը պետք է մաքրի ձյունից և ռեագենտ ցանի՝ Թավիսուփլեբա (Ազատություն), Նալբանդյան, Չարենց, Թումանյան, Թամար թագուհի, Մաշտոց, Դարբինյան, Մալխասյան, Ճավճավաձե, Ռուսթավելի, Միկոյան, Մարգարյան, Ջավախիշվիլի, Գուսան Հավասի: