Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Ընդդիմությունը քվեարկությանը չմասնակցեց:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ, երեք օր շարունակ թեժ քննարկումներ էին, իսկ փողոցում բազմահազար ցույցեր էին անցկացվում: Խորհրդարանում ապրիլի 17-ին էլ մի քանի անգամ ծեծկռտուք տեղի ունեցավ:
Զուգահեռաբար, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցը կշարունակվի նաև երեկոյան: Նախօրեին տեղի ունեցած ցույցի ընթացքում հատուկջոկատայինները ծեծի էին ենթարկել ցուցարարներին:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, օրինագիծը պետք է ընդունվի երեք ընթերցմամբ, այնուհետև ուղարկվի նախագահին՝ ստորագրման: Նախագահը մեկ շաբաթվա ընթացքում կարող է ստորագրել փաստաթուղթը, կամ վետո դնել: Վետոյի դեպքում օրինագծի քննարկումը վերադառնում է խորհրդարան:
Նշենք, որ Վրաստանի նախագահը բազմիցս հայտնել է իր դժգոհությունն օրինագծի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ, աջակցում է Թբիլիսիում բողոքի ցույցերի մասնակիցներին:
«Վրացական երազանք» խմբակցության կողմից արդեն երկրորդ անգամ նախաձեռնված «Թափանցիկություն ապահովելու նպատակով» օրենքի նախագծով նախատեսվում է գրանցել այնպիսի ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է: Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար երկրի շահեր կրող կազմակերպություն», պետք է պարտադիր կերպով գրանցվի հանրային ռեգիստրում գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը: Միաժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան լրացնել ֆինանսական հայտարարագիրը։
Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։
2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։