2023 թվականի հունվար ամսին ՆԳՆ-ի սպասարկման գործակալությունից հայտնեցին, որ վարորդական իրավունք ստանալու կամ այլ փաստաթղթային գործողություններ կատարելու համար Ախալքալաքի սպասարկման գործակալությունը կգործի շաբաթական երկու օր՝ ուրբաթ եւ հինգշաբթի։ Ինչպես նաև ավելացվել էին Գործակալության ծառայությունները, որոնք մատուցվում են Ախալքալաքում: Սակայն 2024 թվականի հունվարից Ախալքալաքի բնակիչներին հինգշաբթի օրերին չեն սպասարկում։
Ախալքալաքի բնակիչները Jnews-ին տեղեկացրին, որ այս տարվա մեջ շատ անգամ են դիմել գործակալության Ախալքալաքի մասնաճյուղ, սակայն հինգշաբթի օրերին նրանց ծառայություն չի մատուցվել, աշխատակիցները տեղում չեն եղել։
Քաղաքացիներից մեկը սպասել է հինգշաբթի օրվան, որպեսզի գրանցի իր մեքենան, սակայն Ախալքալաքում չի կարողացել գրանցել և ստիպված եղել հասնել Ախալցիխե։
Մենք դիմեցինք ՆԳՆ սպասարկման գործակալության առցանց օպերատորի օգնությանը, նա մեզ հաստատեց, որ Ախալքալաքում սպասարկման գործակալությունը ծառայություններ է մատուցում միայն ուրբաթ օրերին, սակայն պաշտոնական պատասխան մեր հարցմանը դեռ չենք ստացել։
Հատկանշական է, որ գրեթե միշտ Ախալքալաքի բնակիչները վարորդական իրավունք ստանալու կամ այլ փաստաթղթային գործողություններ կատարելու համար, հասնում են Ախալցիխե, կամ այլ քաղաքներ, իսկ Ախալքալաքում ուրբաթ օրերին գործակալության շենքում քաոս է տիրում, մեծ հերթեր են գոյանում։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Ախալքալաքում ավելացել է վարորդների համար պետծառայությունների ցանկը և օրերը