Այսօրվանից՝ հունիսի 8-ից Վրաստանում սկսել է աշխատել միջքաղաքային տրանսպորտը, այդ թվում՝ Ախալքալաք-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ երթուղայինները։ Ախալքալաք-Թբիլիսի երթուղայինի ուղեվարձը չի թանկացել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն 17 լարի է:
Հանրային տրանսպորտի վարորդները պատրաստ են անվտանգ ուղևորափոխադրում իրականացնելու, նրանք մեքենաներին փակցրել են գրություն, ըստ որի առանց դիմակի չի կարելի երթուղային նստել: Վարորդները նշում են, որ մեքենաներում ունեն ախտահանման համար սպիրտ, բայց մտահոգ են, որ ուղևորները քիչ են, 3 կամ 4 հոգի։
«Այսօրվանից սկսեցինք աշխատել, Ախալքալաքից գնում եմ Թբիլիսի, ուղևորները դիմակներով են, ես մեքենայի մեջ սպիրտ ունեմ ախտահանման համար։ Առանց դիմակների մեքենա բարձրանալ չենք թողնում, չնայած, բոլորն էլ դիմակներ ունեն։ Միակ խնդիրն այն է, որ ուղևոր չկա, ընդամենը 2-3 հոգի են։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ արժեքը չի փոխվել», – ասում է Ախալքալաք-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ երթևեկող միջքաղաքային երթուղայինի վարորդ Գրիգորի Ծուրծումիան։
Վարորդ Ջաբան, ով այսօր Թբիլիսիից Ախալքալաք է եկել, ասում է.
«Այսօր գալիս եմ Թբիլիսից, մեկ ուղևոր Ախալքալքից էր, մեկը՝ Ախալցիխեից, մեկը՝ Ասպինձայից, երկու ուղևոր Բորժոմից էր, իսկ մեկն էլ Խաշուրից։ Շատ քիչ ուղևորներ ունեմ, շախմատային դասավորվածությամբ նստեցրի։ Գինը մնացել է նույնը»։
Ընդգծենք, որ Թբիլիսի-Ախալքալաք և հակառակ ուղղությամբ միջքաղաքային տրանսպորտի արժեքը, ինչպես կար 17 լարի, այդպես էլ մնացել է։