Ախալքալաքի մունիցիպալիտետում ինտենսիվորեն ընթանում է գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցման գործընթացը։ JNEWS-ն առանձնացրել է մունիցիպալիտետի բնակչությանն ամենաշատը հուզող որոշ հարցեր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման պետական ծրագիրը սկսվել է 2022 թվականին և կավարտվի 2024 թվականի վերջին։ 2022 թվականի աշնանը, Դիլիսկա գյուղում, Հանրային ռեեստրի աշխատակիցները գյուղի բնակիչների 20 տոկոսի հողատարածքները չափագրել են ու հեռացել։ Ծրագիրն այնուհետեւ վերսկսվել է այս տարի: 2023 թվականին պետռեեստրի աշխատակիցները չեն վերադարձել, թեև պետք է աշխատեին 13 տարածքային կենտրոնում։
Ծրագրի սկզբում կազմվել է ժամանակացույց, ըստ որի աշխատակիցները պետք է սպասարկեին տարբեր գյուղեր, բայց քանի որ մունիցիպալիտետում հողերի գրանցումը հետ է ընկնում, 2023 թվականին սպասարկվող գյուղերի բնակչության մոտ մտավախություն կա, որ իրենց հողերը կարող են դառնալ պետության սեփականությունը, եթե չհասցնեն դրանք գրանցել մինչև 2024 թ. վերջ:
Իրավաբան Գուրգեն Եզոյանը, սակայն, պնդում է, որ դրանք անհիմն մտավախություններ են: Վերջինս ասում է, որ սեփականությունը սահմանադրական իրավունք է, և եթե նույնիսկ պետությունը այդ հողատարածքը պետականացնի, ապա սեփականության իրավունքի փաստաթղթային ապացույցը կվերացնի նման պետականացումը։
Եզոյանի խոսքով, ամեն ինչ վկայում է այն մասին, որ հողերի համակարգային գրանցման համար նախատեսված ժամկետը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մինչ 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածը, քանի որ դա պետության պարտականությունն է, որը հնարավոր է չհասցնեն ժամանակին այն կատարել։
Բնակչության շրջանում ևս քննարկման թեմա է և մտահոգության է առաջացնում տարածված այն տեղեկությունը, որ եթե ընտանիքում կա այլ պետության քաղաքացի, ապա տունը չի գրանցվում նրա անունով։ Նշենք, որ ցանկացած գյուղական տուն և տնամերձ հողամաս համարվում են գյուղատնտեսական նշանակության հող: Կոնկրետ իրավիճակներում կիրառվում են տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ նախնական գրանցման ժամանակ օտարերկրյա քաղաքացու ժառանգություն ստանալու հնարավորությունը։
Եթե տան կազմում կան օտարերկրյա քաղաքացիներ, ապա տունը կարող է գրանցվել, բայց Վրաստանի քաղաքացու անունով՝ սա այն պարագայում, եթե օտարերկրյա քաղաքացին միակ ժառանգը չէ։
Բնակչության շրջանում մտահոգություններ կան նաև այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ փաստաթղթի բացակայության դեպքում քաղաքացին չի կարող հողամասը գրանցել, սակայն հողերի հաշվառման սպորադիկ ծրագրում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ կարող են լինել բարդ դեպքեր, և այդ դեպքերում հողերի գրանցման համար պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում քաղաքացիների նկատմամբ: Եթե մարդը կորցրել է հողի հանձնման-ընդունման փաստաթուղթը, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը գոյություն չունի, փաստաթղթերի բազմաթիվ պատճեններ պահվում են արխիվներում: