ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտությունները ցույց են տվել, որ հիմնական խնդիրը Վրաստանում համարվում է գործազրկությունը, Ախալքալաքում՝ գործազրկության հետ մեկտեղ, ներառում են նաև կորոնավիրուսը, անվտանգությունը և այլն:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2020 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0,9 տոկոսային կետով և կազմել 12.3 տոկոս: IRI-ի ուսումնասիրության համաձայն, Վրաստանում գործազրկությունը հիմնական խնդիրը համարվում է ըստ հարցվածների 46%-ի, 17%-ը` կյանքի գինը, ըստ 10%-ի` աղքատությունը, ըստ 6%-ի` ընդհանուր տնտեսությունը, իսկ 4%-ը` կորոնավիրուսի համավարակը: Այդպես են կարծում նաև Ախալքալաքում: Թեպետ, գործազրկության հետ մեկտեղ, Ախալքալաքի բնակիչները JNEWS-ի անցկացրած հարցման ընթացքում նշեցին նաև այլ խնդիրներ: Հարցումն անցկացվել է Ախալքալաքի 21 բնակիչների շրջանում:
Հարցում փողոցում
Մոտենում ենք միասին կանգնած Ախալքալաքի շրջանի 4 բնակչի: Հարցում ենք, թե ո՞րն է Վրաստանի հիմնական խնդիրը, սկսվում է քննարկում:
– Բազմաթիվ խնդիրներ կան: Կոնկրետ ո՞րն ասենք:
– Կորոնավիրուսը, այդ ամենը սուտ է:
– Ո՛չ, ինչո՞ւ է սուտ: Այս պահին մենք չենք կարող գնալ արտագնա աշխատանքի:
– Ահա չորսով նստած ենք պատերի տակ: Աշխատանք չկա:
«Մի՞թե ոստիկանությունը չի կարող ավելի խիստ աշխատել»,- հանկարծ հարցնում են մեզ:
Մեր հարցին՝ արդյո՞ք նրանց համար ձեռնտու է, որ ոստիկանության աշխատանքը խստացվի, հնչում է հետևյալ պատասխանը.
– Իհարկե: Եթե ոստիկանությունն ավելի խիստ լիներ, այն ամենն, ինչ տեղի ունեցավ մոտ օրերս, տեղի չէր ունենա:
JNEWS-ի կողմից հարցված 21 անձանցից 15-ը նշում են գործազրկությունը որպես ամենամեծ խնդիր: Երկրորդ տեղում Ախալքալաքի բնակիչները նշում են անվտանգությունը, այսինքն՝ ոստիկանության ոչ կոմպետենտ աշխատանքը՝ 5 հոգի: Պատասխանների շարքում, որպես Վրաստանի հիմնական խնդիրներ, հնչում են կորոնավիրուսը, անհավասարությունը, բանկերի կողմից անողոք՝ թալանի քաղաքականությունը, փակ ճանապարհները, ոչ պատշաճ արտաքին քաղաքականությունը և դատական համակարգի վատ աշխատանքը:
«Կան շատ գլխավոր խնդիրներ, ինչպիսիք են ցածր աշխատավարձը, գնաճը, իրավապահ մարմինները լավ չեն աշխատում, մենք անպաշտպան ենք, իսկ ընդհանրապես մենք ապրում ենք լավագույն երկրում: Մենք կորոնավիրուսով չենք վարակվել: Իրավիճակը վատթարացել է կորոնավիրուսի պատճառով, բայց սա ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Հարցվածներից մի քանիսի կարծիքով, խնդիրները բխում են մեկը մյուսից:
«Վրաստանը շատ խնդիրներ ունի: Առաջին խնդիրը սխալ կառավարումն է: Արտաքին քաղաքականությունը նույնպես սխալ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական մերձեցումը և Հայաստանի ու Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամության բացակայությունը: Երրորդ խնդիրը գործազրկությունն է: Բնակչությունն անգործ է, իսկ առանց աշխատանքի մարդն ունակ է ամեն ինչի, հացի փող վաստակելու համար: Քանի որ նրանք սոված են մնում: Կորոնավիրուսը չէր կարող բարելավել իրավիճակը, քանի որ կյանքեր է խլել, փակել սահմանները, վնասել տնտեսությունը, հարվածել ՀՆԱ-ին, հարվածել բնակչության ապրելակերպին և այլն: Առայժմ ոչ մի լավ բան, իսկ հետոն ժամանակը ցույց կտա», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչը:
Գողությունների, կրակոցների և անկարգությունների չբացահայտված դեպքերի հետ կապված վերջին իրադարձությունները սրել են բնակչության առանց այն էլ բացասական վերաբերմունքը իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ:
«Վրաստանի գլխավոր խնդիրը հանցավորությունն է, այն, որ օրենքը չի գործում: Չկա անկախ դատարան, դատախազություն և ոստիկանություն: Կորոնավիրուսով իրավիճակն ընդհանրապես չի փոխվել, բացարձակապես փոփոխություններ չեմ տեսնում», – ասում է մեկ այլ բնակիչ:
Բազմաթիվ բնակիչներ կարծում են, որ Վրաստանն իր հնարավորության չափով օգնում է սեփական բնակչությանը: Թեև, շատերի համար այս բարդ ժամանակներում այս օգնությունն անբավարար է թվում:
«Իրականում, 200-300 լարի այդ գումարը շատ քիչ բանով կօգնի: Բիզնեսը խեղդված է: Եթե նախկինում ամեն ինչ նորմալ էր, ապա այժմ իրավիճակը շատ վատ է», – ասում է Ախալքալաքի բնակիչը: