Ախալքալաքում աուտիզմի և երեխայի զարգացման այլ խնդիրների թեման տաբուացված է. ծնողները հաճախ չեն ընդունում, որ իրենց երեխան խնդիր ունի կամ փորձում են թաքցնել խնդիրը, այլ ոչ թե բուժել:
Jnews-ը բազմիցս անդրադարձել է աուտիզմի թեմային՝ ընդգծելով, որ հասարակական կարծիքին հետևելը լուծում չէ։ Այսօրվա հոդվածում ցանկանում ենք ընթերցողներին ներկայացնել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ծնողը, ով իր երեխայի մոտ աուտիզմի ախտանիշներ է նկատել։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր, իսկ ապրիլը՝ Աուտիզմի իրազեկման միամսյակ։
Աուտիզմը վաղ տարիքում ուղեղի և նյարդային համակարգի զարգացման խանգարում է, որն արտահայտվում է վարքագծային տարբեր խանգարումներով և մտավոր հետամնացությամբ։ Վաղ փուլում հայտնաբերված մանկական աուտիզմը կարելի է հաղթահարել կամ նվազագույնի հասցնել դրա դրսեւորումները։
Ուստի ծնողների համար կարևոր է իմանալ այն ախտանիշները, որոնցով կարելի է ճանաչել խանգարումները կյանքի առաջին տարիներին, ինչպես նաև ժամանակին միջոցներ ձեռնարկել և դիմել մասնագետների։