Խոսպիո գյուղում ծիսակատարությունների տան դիմաց ձևավորվել է սահադաշտ, այն անընդհատ աճում է և խոչընդոտում գյուղի երթևեկությանը: Ինչումն է ոչ ցանկալի սահադաշտի ձևավորման պատճառը ու ինչպես է լուծվելու այդ հարցը:
Խոսպիո գյուղի բնակիչները դժգոհում են, որ ծիսակատարությունների տան առջև առաջացած սառույցի պատճառով, այնտեղ անհնար է մտնել: Այս ձմեռ գյուղում ոչ ոք չի մահացել, իսկ հարսանիքները նշվում են քաղաքում և ծիսակատարությունների տուն գնալու կարիք չի եղել: Բայց այդ նույն իրավիճակը եղել է նաև անցյալ տարի, բացի այդ սառույցը արդեն տարածվել է հասնելով գյուղամիջյան ճանապարհին:
Պատճառն այն է, որ երկու տարի առաջ ՕԳԾ ծրագրով («Օգնություն գյուղին») Խոսպիո գյուղի ծիսակատարությունների տան կողքին կառուցվել էր լրացուցիչ շենք-խոհանոց: Այդ շենքի համար նոր ջրագիծ և կոյուղի էր քաշվել: Կոյուղու դիտահորի ջուրը, որը գտնվում է կոյուղագծի միջնամասում, սառել է և ջուրը չի կարող հոսել նրա միջով: Ծիսակատարությունների տան ջրի ծորակը ձմռանը բաց են թողնում որ ջուրը չսառչի:ՈՒ քանի որ ջուրը չի կարողանում անցնել կոյուղագծի միջով դուրս է գալիս շենքի տակից: Շենքի տակ կա ջրախողովակ 50 մմ տրամագծով, որը միացված է 100 մմ տրամագծով խողովակի հետ և ջուրը դուրս է գալիս հենց այդտեղից:
Կարինեն, ով ապրում է ծիսակատարությունների տան հարևանությամբ ասաց, որ այդ խնդիրը նրանք ունեն միայն ձմռանը, գարնանը այդ ջուրը դուրս չի տալիս:
«Ես չգիտեմ, թե ինչու, բայց անցյալ ձմեռ նույն վիճակն էր: Մենք զգուշությամբ ենք գնում այնտեղ», – ասաց Կարինեն:
Մեկ այլ հարևան ասաց, որ անհնար է քայլել ծիսակատարությունների տան շուրջը:
«Տեղը քարքարոտ է, անհնար էր խորը փորել, այդ պատճառով խողովակը խորը չեն տեղադրել: Արդեն երկու տարի է այս իրավիճակն է, ինչ կառուցեցին լրացուցիչ շենքը», – ասում է Նուրի Վախթանգիշվիլին:
Խոսպիո գյուղի լիազոր Թեմուր Ղավրելիշվիլին տեղյակ է այս խնդրի մասին և կարծում է, որ այն կարող է լուծվել կոյուղու դիտահորի փակման ճանապարհով:
«Տեղը, որտեղով անցնում է ջրատարը քարքարոտ է, անհնար էր խորը փորել բահով, իսկ էքսկավատորը թանկ է: Այս տարի մենք ցանկանում ենք փակել դիտահորը, որպեսզի խողովակը միանգամից անցնի, այլ ոչ թե դիտահորով», – ասում է Թեմուր Ղավրելիշվիլին:
Կլուծի արդյոք դիտահորի փակումը Խոսպիոյի սահադաշտի խնդիրը, պարզ կդառնա հաջորդ ձմեռ:
Շուշան Շիրինյան