Ախալքալաքում գործող մանկապարտեզներում 5 նոր խումբ բացվեց, 15 մարդ աշխատանքի տեղավորվեց, 150 երեխա մանկապարտեզ հաճախեց:
Ախալքալաքի երեք մանկապարտեզներում դեռ 2016 թվականին պետք է բացվեր հինգ նոր խումբ: №1 մանկապարտեզում բացվելու էր մեկ խումբ, իսկ №2 և №3՝ երկուական: Սակայն №1 մանկապարտեզում նոր խումբ չբացվեց, քանի որ շենքային հնարավորությունները սահմանափակ է: Փոխարենը 3 խումբ բացվեց №3 մանկապարտեզում:
Ախալքալաքի թիվ 3-րդ մանկապարտեզում ևս 80 երեխա հաճախեց մանկապարտեզ: Նոր խմբերի բացումը պաշտոնապես նշվեց մարտի 22-ին:
Երկու տարի է նոր խմբերի բացումը ձգձգվում էր բարեկարգ սենյակների, կահույքի և խոհանոցի բացակայության պատճառով: Նորաբաց խմբերի ննջասենյակներում մահճակալների մի մասը սովետական ժամանակների են, սենյակների պատերը ներկված են պատահական ընտրված մռայլ գույներով:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են անփույթ: Շրիշակներն (երկար և նեղ ձող, որը նախատեսված է պատերի և հատակի միացման տեղում ճեղքերը փակելու համար) առհասարակ բացակայում են: Ննջասենյակի դռները ապակի չունեն: Թերությունների շարքը կարելի է շարունակել: Իրականությունն այն է, որ վերանորոգումն իրականացնող ընկերությունն ավարտել է աշխատանքը, համապատասխան պատասխանատու մարմիններն ընդունել են աշխատանքն այդպիսին:
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահն իր դժգոհությունը հայտնեց իրականացված աշխատանքներից:
«Մենք գոհ ենք, որ այսօր 80 նոր աշակերտ է գալիս մանկապարտեզ, 80 ծնող կարողացավ իր երեխային մանկապարտեզ տանել, և նոր աշխատատեղեր բացվեցին, բայց վերանորոգման աշխատանքում շատ բացթողումներ կան, անպայման պետք է շտկել: Մենք գումար չունենք ու չենք տալու նույն գործի համար մի քանի անգամ», – նշեց Նաիրի Իրիցյանը:
№3 մանկապարտեզում խնդիրներն այսքանով չեն վերջանում: Մանկապարտեզ տանող ճանապարհը ցեխապատ է, ինքնաբերաբար ներս մտնողները իրենց հետ ճանապարհի ցեխն ու փոշին ներս են տանում: Նորմալ ցանկապատ չկա, այգին բարեկարգ չէ, ամռանը երեխաները դրսում խաղալու հնարավորություն չունեն:
Վալերի Ստելմաշովը գոհունակությամբ նշում է, որ նոր խմբերի բացումով քաղաքում մանկապարտեզային տարիքի բոլոր երեխաները հնարավորություն ունեցան նախադպրոցական կրթություն ստանալու:
«Որ ընդհանուր նայում ես, ուրախանում ես, իսկ երբ տիրոջ աչքով, ապա շատ թերություններ կան: Գլխավորը կոկիկ չի արված: Ասենք, թե պատը սվաղած է, հարց է, թե ի՞նչ որակի է արված: Պատճառն այն է, երբ տենդեր են հայտարարում, հաղթելու համար չմտածված շատ են գինը իջեցնում, ուզած-չուզած այնպես են անում, որ տեղը բերեն: Կան թանկ վարպետներ, կան էժան վարպետներ, պարզ է, որ էժան վարպետներն են աշխատել», – ասաց Վալերի Ստելմաշովը:
Մանկապարտեզների նոր խմբերի համար սենյակների վերանորոգումը իրականացրել է «Ինտեր» ընկերությունը, աշխատանքները երաշխիքային ժամկետի մեջ են:
Ի տարբերություն №3 մանկապարտեզի, №2-ում վերանորոգման աշխատանքները բարեխճորեն է կատարված: Պատերը ներկված են միագույն, և հանգիստ գունային տոները ինքնին տրամադրություն են ստեղծում: Այսօր այս մանկապարտեզում 2 նոր խումբ բացվեց, ևս 70 երեխա հաճախեց նախակրթարան: Ընդհանուր առմամբ այս մանկապարտեզ է հաճախում 200 երեխա: №2 մանկապարտեզում երեխաները քնելու հնարավորություն չունեն:
Ի տարբերություն նորաբաց սենյակների, երկրոդ հարկում գործող խմբերը դեռևս նախադպրոցական կրթություն են ստանում հին կահավաորված սենյակներում, որտեղ տեղ-տեղ առաստաղը խոնավությունից բորբոսնել է: Բարեկարգման կարիք ունի նաև մանկապարտեզի այգին, ճիշտ է որոշակի սպորտային պարագաներ կան, սակայն դրանք բավարար չեն երեխաների համար:
5 նորաբաց խմբերի բացման միջոցառումներին մասնակցեցին Ախալքալաքի քաղաքապետը, Սակրեբուլոյի նախագահը և պաշտոնյա այլ անձիք:
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբառյանը հյուրերին ներկայացրեց նորաբաց խմբերի վիճակը և հույս հայտնեց, որ մանկապարտեզները իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն պարբերաբար:
Վերանորոգման և այլ թերությունների պատճառների մասին ավելի մանրամասն jnews.ge-ին կանդրադառնա առաջիկայում:
Աղունիկ Այվազյան