Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները, քաղաքապետարանին հաշվետու ոչ առևտրային կազմակերպությունների լսումների շրջանակում, լսեցին մանկապարտեզների միավորման գործունեության, խնդիրների ու ձեռքբերումների մասին, ինչպես նաև առանձին-առանձին լսեցին մանկապարտեզների ղեկավարներին:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 3-ը գտնվում է քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ 17-ից երկուսը՝ Կոթելիա և Խանդո գյուղերի մանկապարտեզները այլընտրանքային են և աշխատում են կես օր ու առանց սննդի։

Միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը պատմեց մանկապարտեզների միավորման աշխատանքի մասին, իսկ միավորման հոգեբանը և մեթոդաբանը պատմեցին իրենց աշխատանքի մասին:

Միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները պետք է լիազորում անցնեն։ Արդեն 55 մանկապարտեզի դաստիարակ լիազորագիր է անցել, իսկ 40-ը՝ ոչ։ Մանկապարտեզների շենքերը նույնպես պետք է լիազորում ստանան։

«Լիազորման գործընթացում մենք տեսանք, որ շատ բաներ կան, որոնց մասին մենք չգիտեինք, շատ բան պետք է փոխենք, նոր օրենքներ են, փորձում ենք քայլ առ քայլ հասնել այդ ամեն ինչին: Մայիսին կսկսվի գնահատականը: Փորձագետները կգնահատեն այն, ինչ փոխել ենք»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։

Քննարկեցին գյուղերում մանկապարտեզ կառուցելու հարցը, ասացին, որ գրեթե բոլոր գյուղերն ուզում են իրենց գյուղերում մանկապարտեզ ունենալ, բայց մունիցիպալիտետը նման հնարավորություն չունի, ուստի այն գյուղերից, որտեղ չկան նախադպրոցական ուսումնական հաստատություն, երեխաները տեղափոխվում են այն գյուղեր, որտեղ կա մանկապարտեզ, կամ՝ քաղաք։ Տրանսպորտի ծախսերը հոգում է մունիցիպալիտետը։

«Ուզում ենք բոլոր երեխաներին ընդունել մինչև օգոստոսի 20-ը, որ սեպտեմբերին իմանանք, թե քանի երեխա կա, բայց այդպիսի բան չկա, որ ընդունենք ու վերջ, հետո զանգերն են սկսվում, ինչ-որ մեկը մեկի բարեկամն է, ու ամբողջ տարին երեխաներ ենք ընդունում: Ամեն ամիս մենք ունենք երեխաների տարբեր թվաքանակ, ընդունում ենք և ուղարկում ենք»:

Անահիտ Ասատուրյանն ասաց, որ հայերենով մանկական գրքերի պակաս են ունեցել, սակայն նրանց օգնել է ձերք բերել Վրաստանում ՀՀ դեսպանը։ Միավորման տնօրենի խոսքով, գրքերի պակասն ամբողջությամբ չի լուծվել, բայց բավականաչափ օգնել են:

Սահմանափակ կարողություն ունեցող երեխաներն էլ են սովորում մանկապարտեզներում, նրանք ոչ բոլոր մանկապարտեզներում են, բայց այդպիսիք կան։ Նրանց հետ աշխատում են հատուկ ուսուցիչներ։ Միավորումն ունի մեթոդաբան և հոգեբան, ովքեր հաճախ են այցելում մանկապարտեզներ և խորհուրդ են տալիս ուսուցիչներին լավագույնս աշխատել սահմանափակ կարողություն ունեցող երեխաների հետ:

Պատգամավորները խորհուրդ տվեցին առցանց հարթակի միջոցով իրականացնել թրեյնինգներ, մեթոդիստի, հոգեբանի առաջարկություններ, ինչը թույլ կտա խնայել և՛ ժամանակ, և՛ գումար։

Մանկապարտեզների միավորման ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատգամավորներն առանձին-առանձին հանդիպեցին 14 մանկապարտեզի տնօրենների հետ։

Մեջբերում ենք մի քանի խնդիրներ, որոնք մանկապարտեզների տնօրենները բարձրաձայնեցին պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ:

Օրինակ, Բարալեթ գյուղի մանկապարտեզի տնօրենի խոսքով, պետք է բարեկարգել տարածքը և փոխել գլխավոր մուտքը։ Չունչխա գյուղի մանկապարտեզի սանհանգույցում խնդիրներ կան: Կաջո գյուղի մանկապարտեզում, տնօրենի խոսքով, լավ կլիներ, որ խոհանոցից առանձին, սպասք լվանալու բաժին լիներ, այս խնդիրն առկա է նաև Ազավրեթ գյուղի մանկապարտեզում։ Կաջո գյուղը երեխաների քնելու տեղ էր ուզում։ Դիլիսկա գյուղի մանկապարտեզի շենքը ընդլայնման կարիք ունի: Սուլդա գյուղի մանկապարտեզում ջրի խնդիր կա, այնտեղ մանկապարտեզի ճանապարհի բարեկարգման կարիք ևս կա: