Հունվարի 16-ին, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցավ նոր դպրոցի պաշտոնական բացումը: Բացմանը ներկա էին կենտրոնական, շրջանային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ինչպես նաև ՀԱԵ հոգևորականներ:

gumburdo 4

Առավոտից Գումբուրդոյում բազմամարդ էր, քանի որ գյուղի նոր դպրոցի երկար սպասված բացմանը սպասում էին Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելիին: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր Ախալքալաք: Նախարարին ուղեկցում էր տեղակալ Լիա Գիգաուրին: Նա մի քանի ամիս առաջ ստուգել էր դպրոցը, որը դեռևս չէր փոխանցվել պետության հաշվեկշռին: Փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը լուծվել էին մինչ դեկտեմբերի 29-ը, այդ օրը դպրոցը դարձավ պետության սեփականությունը:

gumburdo 6

Տոնակատարությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, Վրաստանի խորհրդարանի 4 պատգամավորներ, ինչպես նաև քաղաքապետեր, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների Սակրեբուլոյի նախագահները: Ներկա էր նաև Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նախարար Չխենկելիին Գումբուրդոյում դիմավորեցին աղ ու հացով, որից հետո բարձրաստիճան հյուրերը ծափահարությունների ներքո ուղղվեցին դեպի դպրոց, որտեղ հավաքվել էին գյուղի բնակիչները:

Դպրոցի մոտ շնորհավորական ելույթ ունեցավ Կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բեմի վրա բոլորի հետ միասին ներկա էր Շուշանիկ Մղդեսյանը, ում ընտանիքը նախաձեռնել և ֆինանսապես աջակցել է կառուցելու նոր դպրոցը: Շուշանիկ Մղդեսյանը բացման արարողության ժամանակ ստացավ մեդալ և շնորհակալական նամակ ՀՀ սփյուռքի նախարարությունից, ինչպես նաև մեդալներ ու նամակներ ստացան ներկայացուցիչն ու շինարարական աշխատանքների համար պատասխանատու անձը, ճարտարապետ-շինարար Միսակ Կուրղինյանը և շենքի ճարտարապետը:

gumburdo 1

gumburdo 2

gumburdo 3

Շնորհակալական խոսքից հետո նախարար Չխենկելին, նահանգապետ Մաճուտաձեն և Շուշանիկ Մղդսեսյանը, կտրելով կարմիր ժապավենը բացեցին դպրոցը: Նախարարը շրջեց դպրոցում և դահլիճ հրավիրեց դպրոցի տնօրեններին, ովքեր նույնպես ներկա էին Գումբուրդո գյուղում դպրոցի բացմանը: Հանդիպման ընթացքում նախարարը հաղորդեց, որ մտադիր է մանրամասն ծանոթանալ դպրոցների խնդիրների հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր, այս պատմական օրը լինել այստեղ: Այսօր բացվեց փայլուն դպրոցական շենք, մենք մեծ հույս ունենք, որ ապագայում բոլոր դպրոցները կլինեն այսպիսին: Այստեղ կա բոլոր պայմանները, որպեսզի աշակերտները լավ սովորեն: Շենքը հիանալի է: Երեխաները ունեն բարձր որակավորում ունեցող և միջազգային ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաներ: Սպորտի համար ամեն ինչ ապահովված է, կա սպորտ հրապարակ և լողավազան: Այնպես որ, ապահովված կլինի նաև առողջ ապրելակերպը, որը շատ կարևոր է: Ուզում եմ նշել, որ շուտով կսկսեմ գործնական հանդիպումները դպրոցների տնօրենների հետ, յուրաքանչյուր քաղաքապետարանում կլինեն հանդիպումներ, որի մասին նախօրոք կիմանան», – հաղորդեց Կրթության և գիտության նախարարը:

gumburdo5

Հանդիպումից հետո նախարարը մեկնեց Թբիլիսի, իսկ տոնակատարությունները շարունակվեցին, գյուղում ելույթ ունեցավ «Ջավախք» ազգագրական պարային համույթը, որից հետո բոլորին հրավիրեցին Ախալքալաք, ռեստորանում տոնակատարությունը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի Գումբուրդո գյուղի դպրոցը գտնվում էր գյուղի ակումբի վթարային շենքում: Նոր դպրոցը նախատեսված է 392 աշակերտի համար և զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք:

Քրիստինե Մարաբյան
Սոնա Տոնականյան