Ջավախքցի բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի օլիմպիական խաղերի մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտին մասնակցելու նպատակով ԱՄՆ տեղափոխված Օթար Երանոսյանը 5 տարի անց Ախալքալաքում է։ Նա նայեց Ախալքալաքի մարզահամալիրի պատանի բռնցքամարտիկներին և JNEWS-ի հետ խոսեց այն մասին, թե ինչպես են տարբերվում երեխաների հնարավորություններն Ամերիկայում և Ջավախքում։
Երանոսյանի խոսքով, եթե խոսենք մանկական հասակի մասին, ապա ինչպես Ամերիկայում, այնպես էլ Ախալքալաքում հնարավորությունները նույնն են՝ տարբերությունները սկսվում են հասուն տարիքից։
«Ավելի փոքր տարիքում հնարավորությունները նույնն են, այս տարիքում մարզումները շատ չեն տարբերվում, քանի որ երեխաները պարզապես սովորում են ձեռնականգ, սովորում են աջ, ձախ և այլն»,- նշում է բռնցքամարտիկը։
Ինչ վերաբերում է հասուն տարիքին, ապա, ըստ Երանոսյանի, Ամերիկայում զարգացման ավելի շատ հնարավորություններ կան, մարզումները շատ են տարբերվում, քանի որ Ամերիկայում պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի զարգացած է, քան սիրողականը:
Օթարը նշում է, որ բռնցքամարտի ասպարեզում մեծ առաջընթաց կա Ախալքալաքում, ինչպես նաև ընդհանրապես Վրաստանում։
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ տեսնելու մեր ապագա չեմպիոններին: Մեզ ավելի շատ մենամարտեր, հանդիպումներ, մրցումներ են պետք, որպեսզի երեխաները ավելի շատ փորձ ունենան, որպեսզի իրենք իրենց փորձարկեն ռինգում, այլ ոչ թե մարզումների ժամանակ»:
Օթարն անընդհատ հետևում է ախալքալաքցի մարզիկների նվաճումներին և անչափ ուրախանում դրանց համար։ Նա կարծում է, որ այս պահին իր նպատակներն ու երազանքները, որ ունեցել է մանկուց, գրեթե 50%-ով իրականացվել են։
«Ես մեծ արդյունքների եմ հասել ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտում»։
Օթար Երանոսյանն այս պահին ունի 14 հաղթանակ և 0 պարտություն ու շուտով կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Խոսելով Ամերիկա տեղափոխվելու իր ճակատագրական որոշման մասին՝ Օթարը նշում է, որ գոհ է իր որոշումից։
«Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե չգնայի, լավ թե վատ, բայց այսօր ես շատ գոհ եմ իմ կյանքից, որ ապրում եմ Գլենդելում, ընտանիքս ինձ հետ է, և ես մեծ հնարավորություն ունեմ ավելի մեծ բարձունքների հասնելու համար»,- կիսվում է նա: