Սպորտ, մաթեմատիկա, շախմատ, լեզուներ․․․ բազմաթիվ հետքրքրություններ ունեցող Սարգիս Տոնականյանը երազում է դպրոցն ավարտել ոսկե մեդալով և դառնալ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն։

Սարգիս Տոնականյանը 5 տարեկանից զբաղվում է սպորտով։ Քիքբոքսինգի հանդեպ մեծ սերը նրա մեջ առաջացրել է հայրը՝ Սերգեյ Տոնականյանը, ով նրա անձնական մարզիչն է։

14-ամյա Սարգիսը չնայած տարիքին  բազմաթիվ հաղթանակներ է տոնել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում:  Հասցրել է 11 տարեկանում դառնալ Եվրոպայի չեմպիոն,  իսկ բոլորովին վերջերս էլ նվաճել է Մերձբալթյան երկրների չեմպիոնի տիտղոսը։

sargis1

«Հիշում եմ 7 տաեկան էի, երբ առաջին անգամ գնացի Թբիլիսի Վրաստանի առաջնությանը մասնակցելու, հայրս դեմ էր, որովհետև փոքր էի և լավ պատրաստված չէի: Բայց հաջողվեց համոզել և ես ոչ միայն մասնակցեցի, այլև դարձա Վրաստանի չեմպիոն: Դա իմ առաջին հաղթանակն էր»:

sargis

Սարգիսը Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանում է սովորում գերազանց առաջադիմությամբ: Նրա սիրած առարկան մաթեմատիկան է, սիրում է նաև վրաց լեզուն,  բայց ուզում է սպորտին զուգահեռ ծրագրավորող դառնալ։

«Վրաստանը շատ եմ սիրում, նպատակս է միշտ Վրաստանի դրոշի ներքո պատվով ներկայանալ: Իմ հաղթանակներով բարձր եմ պահել իմ երկրի, իմ համայնքի և իմ դպրոցի պատիվը»:

Սարգիսը հանդես է գալիս 57-60կգ քաշային կարգում, երազում է հաղթել Մադրիդում կայանալիք քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը:

«Եթե հայրս չլիներ իմ մարզիչը, բայց կարծում եմ, որ այսպիսի արդյունքի չէի հասնեի, միշտ մենամարտից հետո մտքումս շնորհակալություն հայտնում հայրիկիս»:

Սարգիսը յուրաքանչյուր մենամարտից առաջ աղոթում է, հաղթանակից հետո՝ նույնպես:

«Որ ռինգ եմ մտնում կարծես Աստված ձեռքիցս բռնած առաջ է տանում»:

sargis 2
Պատանի մարզիկը իր հասակակիցներին հորդորում է սպորտով զբաղվել, քանի որ այն մարդուն դարձնում է ավելի լավը։

«Խորհուրդ եմ տալիս բոլորին զբաղվել սպորտով, սպորտը չի սիրում վատ տղա, ալկոհոլ, ծխախոտ: Սպորտը մարդուն կոփում է»:

Վարդուհի Կուրղինյան