«Վրացական երազանքը» կրկին կներկայացնի օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը: Այս մասին «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Ինչպես պարզաբանել է Մդինարաձեն, օրինագծում կփոխվի «օտարերկրյա գործակալ» տերմինը և կներկայացվի հետևյալ տարբերակով՝ «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն»։
«Խորհրդարանական մեծամասնությունը կուսակցության քաղխորհրդի հետ խորհրդակցելուց հետո որոշել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը կրկին ներկայացնել խորհրդարան։ Վրաստանի խորհրդարանում օրինագիծը կներկայացվի ճիշտ նույն տարբերակով, ինչ նախորդ տարի, միայն մի տարբերությամբ: Դուք բոլորդ հիշում եք, որ անցյալ տարի օրինագծի նախաձեռնումից անմիջապես հետո մենք պատրաստակամություն հայտնեցինք «արտաքին ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել այլ եզրույթով։ Այսօր մեր նախաձեռնած օրինագծում «արտաքին ազդեցության գործակալ» եզրույթի փոխարեն կօգտագործվի «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը։ Օրինագծում մնացած բոլոր սահմանումները մնում են անփոփոխ:
Հիշեցնենք, որ օրինագիծը նախատեսում է մի պահանջ՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունների կողմից տարեկան ֆինանսական հաշվետվության հրապարակում, որի խախտման համար նախատեսված են միայն ֆինանսական պատժամիջոցներ։ Սա հանրային հաշվետվողականության և թափանցիկության նվազագույն չափանիշն է, որին պետք է համապատասխանի ցանկացած կազմակերպություն, նույնիսկ այն կազմակերպությունը, որը պնդում է, որ ազնիվ է: Այսպիսով, օրինագծի բովանդակությունը քննադատության նույնիսկ նվազագույն հիմքեր չի տալիս։ Ընթացիկ նստաշրջանի ավարտին օրենքը կընդունվի բոլոր երեք ընթերցումներով»,- հայտարարել է Մդինարաձեն։
Մդինարաձեն նշել է, որ նմանատիպ օրենքներ գործում են ԱՄՆ-ում, Իսրայելում և Ավստրալիայում, վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ օրենքներ ակտիվորեն քննարկվել և քննարկվում են Եվրամիությունում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Սլովակիայում և Ուկրաինայում։