Ընդդիմադիր «Mtavari TV» հեռուստաալիքը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» պատգամավոր, իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլիի նկատմամբ, որն ապրիլի 15-ին առաջին անգամ քննարկել է օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» անալոգը:

Օխանաշվիլին չի հաստատում այս տեղեկությունը՝ նշելով, որ «մեծ քանակությամբ էլեկտրոնային նամակներ են գալիս, բայց ես դա չեմ տեսել ԱՄՆ Պետքարտուղարությունից»։

«Ուրիշ ի՞նչ պատժամիջոցով էլ-նամակ պետք է ստանայի։ Ես նման տեղեկություն չունե՛մ։ Թող դուրս գան ուղիղ հայտարարեն, եթե ինձ պատժամիջոցի են ենթարկել»,- հայտարարել է պատգամավորը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Անրի Օխանաշվիլին դիտարկվում է որպես Վրաստանի նոր գլխավոր դատախազի թեկնածու։

«Էլ ի՞նչ պատժամիջոցներ։ Դե, հա, չէ որ դուք ինձ արդեն նշանակել եք գլխավոր դատախազ… Հարց, որն օրակարգում չկա ու չի կարող քննարկվել»,- հեգնանքով նշել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականին ԱՄՆ դեսպանատանն ընդունելության ժամանակ Անրի Օխանաշվիլին հարձակվել էր ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելիի վրա։ Այդ ժամանակ պատգամավորը հայտարարել էր, որ Ծերեթելին «ստացել է իրեն արժանի պատասխանը»։

Օտարերկրյա գործակալների մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 4-ից։ 60 օր հետո (սեպտեմբերի 4-5) բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն զգալի արտասահմանյան ֆինանսավորում, պետք է գրանցվեն հատուկ պորտալում։

Ապրիլի 17-ին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ աջակցել է 83 պատգամավոր, մայիսի 1-ին՝ երկրորդ ընթերցմամբ, իսկ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ՝ մայիսի 14-ին։

Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց «Երազանքի» օրինագծի վրա՝ ընդգծելով, որ այն «ռուսական» է և «որևէ փոփոխության ենթակա չէ»։

Ամբողջ նյութը կարդացե՛ք sova.news-ում